Միլանի դատարանը այսօր դատավճռի կայացմամբ կավարտի Բեռլուսկոնիի դեմ բացված գործընթացը: 76-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է 2 հոդվածով՝ վարձատրության դիմաց անչափահաս աղջիկների սեռական ծառայություններից օգտվելու և պաշտոնեական դիրքի չարաշահման՝ վերոնշյալ իրավախախտումը կոծկելու նպատակով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բեռլուսկոնիի նկատմամբ հետաքննությունը սկսվել է, երբ 2010թ.-ի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը նախկին վարչապետը անձամբ է զանգահարել ոստիկանական տեղամաս և կարգադրել կալանքից ազատել գողության համար ձերբակալված մարոկկուհի Կարիմա Ալ-Մարուգին: Ավելի ուշ Բեռլուսկոնին դա բացատրել է նրանով, որ աղջիկը Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի զարմուհին է: Նա չի իմացել նաև Ռուբի կեղծանվամբ Կարիմայի տարիքը:
Հեռախոսազրույցների գաղտնալսման հետաքննությունը միջոցով պարզել է, որ Միլանի մերձակայքում գտնվող Բեռլուսկոնիի առանձնատանը գործել է «կազմակերպված մարմնավաճառության» համակարգ: Երեկույթներին հրավիրված և առատաձեռն վարձատրվող աղջիկների թվում էր նաև Ռուբին:
Բեռլուսկոնիի գործին զուգահեռ ընթանում են նաև նախկին հաղորդավար Էմիլիո Ֆեդեի, սնանկացած պրոդյուսեր Լելե Մորայի և Բեռլուսկոնիի՝ «Ազատության ժողովուրդ» կուսակցության տարածաշրջանային խորհրդական Նիկոլ Մինետիի գործերի վերաբերյալ լսումները: Նրանք մեղադրվում են կավատության մեջ:








































