Որքան մոտենում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, այնքան Ֆրանսիայում ծագում են նոր խնդիրներ՝ հայտնում է BBC-ն:
Սկզբում դրանք կապված էին բենզինի հետ, հետո երկաթուղայինների գործադուլների, ապա կործանարար ջրհեղեղների: Իսկ հիմա նոր խնդիր է ծագել՝ Փարիզում և այլ քաղաքներում աղբահավաքների գործադուլի պատճառով աճում են աղբի լեռները:
Չորեքշաբթի մայրաքաղաքի աղբի վերամշակման 3 հիմնական ձեռնարկություններում գործադուլ է սկսվել: Կառավարությանն առայժմ չի հաջողվում դադարեցնել գործադուլները, որի պատճառը խորհրդարանի շրջանցմամբ նոր պարզեցված աշխատանքային օրենսդրության ընդունման իշխանությունների որոշումն է:
Անմիջապես մի քանի շրջաններում դադարեցվել է աղբի հավաքումը, և աղբի փաթեթների «լեռները» սկսել են աճել:
Եվրո-2016-ի առաջին հանդիպումը կկայանա Փարիզում: Սակայն մայրաքաղաքի աղբատարները արդեն մի շաբաթից ավելի է՝ կանգնած են ավտոտնակներում՝ չիմանալով ուր տանել աղբը, քանի որ ցուցարարները փակել են աղբի վերամշակման հիմնական ձեռնարկություններ տանող ճանապարհները:









































