Չնայած Սևանա լճի մակարդակը հաստատուն տեմպերով բարձրանում է, սակայն լիճն ունի մի շարք հարակից խնդիրներ, որոնց լուծումները դեռևս միայն օրենքով են հաստատված:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությամբ՝ Սևանի համար հատկապես վտանգավոր է Սոտքի հանքավայրի շահագործումը: Հանքավայրը շահագործման է վերցրել GPM GOLD ընկերությունը, որը մտնում է ռուսական GeoProMining ընկերությունների խմբի կազմի մեջ։ Նա փաստեց, որ վերջին տարվա ընթացքում հանքավայրը մեծացրել է իր արդյունահանման ծավալները։ «Եթե 2010 թվականին մենք արդեն ունեինք հանքավայրի հետ կապված կուտակված խնդիրներ, ապա երեք տարվա ընթացքում վիճակը սրվել է: Հետազոտությունների արդյունքում հողի մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ՝ Սոտքից մինչև Սևանի ափը: Պարզ է, որ դրանք անցնում են նաև ստորգետնյա ջրերին։ Աղտոտվածության ռիսկերն ակնհայտ են, բոլորը գիտեն այս մասին, բայց բոլորը լռում են»,- ասաց տիկին Զարաֆյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նա նշեց, որ Սոտքի հանքավայրը խորհրդային տարիներին շահագործվում էր փակ եղանակով, իսկ հանքանյութն անմիջապես տարվում էր Սևանից դուրս՝ Արարատի գործարան: Այժմ հանքավայրը բաց է շահագործվում:
Սևանի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներից է ափամաքրման աշխատանքները: Երբ ջրերը բարձրանում են, համապատասխան աշխատանքներ չիրականացնելու պայմաններում լճի ափամերձ հատվածները ճահճանում են. «Մենք չենք տեսնում այն միջոցառումները, որոնք արվում են: Ասում են՝ պետք է մաքրման կայաններ դրվեն, ամեն անգամ ասում են, բայց ոչ մի բան չի արվում դեռ: Ռեալ ծրագիր չկա»:
Տիկին Զարաֆյանի կարծիքը կիսեց նաև բնապահպան Հենրիկ Մարտիրոսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ափամաքրման համար ֆիզիկական անձանց հետ պայմանագիր են կապում, և այդ անձինք գումարներն այլ նպատակներով են «մսխում». «Կանաչ զանգվածները, արմատները, թփերը մնում են ջրի մեջ, որը կենդանական աշխարհի համար աղետ է: Օրգանական նյութը քայքայելու համար թթվածին է պահանջվում, այդ թթվածինը ջրից է կորզվում. պատկերացրեք Սևանա լճի կենդանական աշխարհի վիճակը»:
Հենրիկ Մարտիրոսյանը փաստեց, որ 124 հա ափամերձ տարածք պիտի մաքրվի, որի համար պետբյուջեից 125 մլն դրամ գումար է տրամադրվել: Թե ինչ են եղել այդ գումարները, նա չգիտի:









































