ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը կայուն է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը Մանդելայի վիճակը վատացել էր. ՀԱՀ նախկին նախագահի սիրտը կանգ էր առել, և բժիշկները ստիպված էին եղել վերակենդանացնել նրան:
Հեռուստաալիքներից մեկը հաղորդել է, որ «նախկին նախագահի լյարդը և երիկամենրը գործում են միայն 50 տոկոսով, նա մի քանի օր չի բացել աչքերը»: Սակայն Մանդելայի թոռներից մեկը հույս է հայտնել, որ իր պապն առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից:
Բացի այդ, նախագահի ներկայացուցիչ Մաք Մահարաջը հաստատել է այն լուրերը, որ հունիսի 8-ին Մանդելային հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենան փչացել է: Ըստ մամուլի տվյալների՝ այն հիվանդանոց է հասել 40 րոպեի ընթացքում: Բժիշկները, սակայն, ասել են, որ միջադեպը չի ազդել նախկին նախագահի առողջության վրա:






































