«Արմավիա»-ի աշխատակիցների հայցն ընդդեմ նախկին գործատուի դատարանը դեռ վարույթ չի ընդունել: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է դատարան դիմած օդաչուներից մեկը՝ Վարդան Սարգսանը:
Զրուցակիցը նշել է, որ չվճարված աշխատավարձը նախկին գործատուից բռնագանձելու հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան և առայժմ սպասում է հայցի քննության իր հերթին:
Նա նաև տեղեկացրել է, որ ինքն «Արմավիա»-ի աշխատակիցներից միակը չէ, որ փորձում է դատական կարգով ստանալ իր հասանելիք գումարը:
Վարդան Սարգսյանը նշել է, որ ընկերությունն իրեն պարտք է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր ամսից: «Վերջին անգամ հոկտեմբերի աշխատավարձն եմ ստացել անցած տարվա դեկտեմբերի վերջին»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ընդդեմ «Արմավիա»-ի դեռևս մայիս ամսին դատարան էր դիմել նաև Պետեկամուտների կոմիտեն’ ընկերությունից օդի հարկի չվճարված գումարները բռնագանձելու հայցով:
Ինքը՝ «Արմավիա»-ն պարտքերը չվճարելը մեկնաբանում է սնանկությամբ, սակայն, մինչ օրս նման հայցով դատարան դեռ չի դիմել, թեև ընկերության ներկայացուցիչներն արդեն շուրջ 3 ամիս պարբերաբար հայտարարում են, թե պատրաստվում են դա անել և փաստաթղթերն են նախապատրաստում:
Հիշեցնենք, որ իր սնանկ լինելու մասին «Արմավիա»-ն հաղորդագրություն էր տարածել դեռևս մարտի 29-ին:
Սնանկ ճանաչվելու համար ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» օրենքով միայն մեկ տարբերակ է սահմանված, այն է՝ դատարանի համապատասխան վճիռը:
Հակառակ դեպքում, քանի դեռ ընկերությունը սնանկ չի ճանաչվել, պարտավոր է կատարել բոլոր հարկային և այլ ֆինանսական պարտավորությունները:











































