Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ ԵՄ-ի պաշտոնյաների հետ քննարկելու է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հարցը:
Վրաստանի իշխանություններն ակնկալում էին, որ ԵՄ-ն վիզային ռեժիմը կվերացնի արդեն ամռանը, սակայն ԵՄ-ն կասեցրել է հարցի դիտարկումը: Եվրոպացի դիվանագետները հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ:
Վրաստանի նախագահի միջազգային հարցերով քարտուղար Թենգիզ Պխալաձեն հայտարարել է, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պահանջները, որոնք նախատեսված են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործողությունների պլանով.
«Ներկայումս դիտարկվում է այդ հարցը, և մենք շատ մոտ ենք գտնվում քաղաքական կարգավորմանը: Բնականաբար, պետք է հաշվի առնել այն ֆոնն ու հանգամանքները, որոնք առկա են ԵՄ-ում՝ ներքին խնդիրները, այդ թվում նաև հարկադիր վերաբնակների ու փախստականների հարցը»:
Մարգվելաշվիլին այսօր հանդիպելու է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդի հետ և ելույթ ունենալու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստում:









































