Իրանական Donya-e-Eqtesad թերթի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եվրոպական շրջագայության ժամանակ իրանական ընկերությունները եվրոպական գործընկերների հետ պայմանավորվել են 3 միլիարդ դոլարի ապագա գործարքների մասին:
Զարիֆին ուղեկցած պատվիրակության կազմում ընդգրկված իրանական ընկերությունների ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր են ստորագրել Լեհաստանը, Ֆինլանդիան, Լատվիան ու Շվեդիան ներկայացնող ընկերությունների հետ:
Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Անսարին հայտարարել է, որ իրանական ու եվրոպական ընկերությունների միջև ստորագրվել են փոխըմբռնման մասին մի շարք հուշագրեր, և դրանց վրա աշխատանքների ավարտի համար հետագայում անհրաժեշտ են նոր բանակցություններ:
Իրանի արտգործնախարարի եվրոպական շրջագայությունը մեկնարկել էր մայիսի վերջին:










































