Ռիգայի ամրոցում երեկ երեկոյան բռնկված հրդեհը լուրջ վնաս է հասցրել շենքում գտնվող թանգարաններին: Ինչպես հայտնում է DELFI-ն, այդ մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե-Գրենդեն:
Նրա խոսքով՝ առավել լուրջ վնաս է կրել Գեղարվեստի ազգային թանգարանի հավաքածուն: Դրա ցուցանմուշների մի մասը վնասվել է ջրից, որը հրշեջները կիրառել են կրակի մարման համար:
Հրդեհի հետևանքով տուժել է նաև Պատմության թանգարանի «Լատվիայի 100 ազգային մասունքներ» ցուցահանդեսը: Տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ ցուցանմուշներ են վնասվել և հնարավո՞ր է դրանք վերականգնել, դեռևս չկան: Այսօր մշակույթի նախարարության ճգնաժամային հանձնաժողովն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:







































