ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելեց «Սպայկա» բեռնափոխադրողների ընկերություն՝ ծանոթանալու ծիրանի մթերման աշխատանքներին:
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր առանձնահատուկ վերաբերմունքը «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության հանդեպ պայմանավորված է նրանով, որ այն Հայաստանի ամենախոշոր արտահանողն է և եթե չգործի, մենք լուրջ խնդիրներ կունենանք․ «Այս տարի միայն 3700 տոննա կարտոֆիլ է մթերել այս կազմակերպությունը, արտահանման ծավալների կեսն ինքն է ապահովում, դրա համար էլ հատուկ վերաբերմունք ունենք: Մենք բոլորի հետ էլ աշխատում ենք, բայց «Սպայկան» շատ կարևոր նշանակություն ունի»:
Հարցին, թե անձնական որևէ շահագրգրգռվածություն չկա՞, Սերգո Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ մի անձնական, ինձ չի հետաքրքրում՝ թե ընկերությունն ում է պատկանում»։ Հենց այդ պահին նրա խոսքն ընդհատեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ նշելով, որ եթե անձնական որևէ բան լիներ, ապա պետությունը կօգներ իրենց, գումար կտար, բայց «տենց բան չկա»:
Լրագրողները զրուցեցին նաև Դ․ Ղազարյանի հետ: Վերջինս պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս այդ խոշոր հրդեհից հետո իրենց հաջողվեց այդքան արագ ոտքի կանգնել, ասաց․ «Ընկերության անունն ինքնին հուշում է՝ «Սպայկա»։ Մենք 24 ժամ աշխատել ենք, որ վերականգնենք, մենք դա արեցինք»: Նա նշեց, որ տեղափոխվում են նոր շենք՝ Բագրատունյաց փողոցի վրա, և հավելեց, որ հին շենքը չորրորդ կարգի վթարային է և չի վերականգնվի:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության մի մասը պատկանում է հենց Սերգո Կարապետյանին, մյուս մասն էլ՝ ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:







































