Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն երեկ հանդիպել է ԵՄ-ի երկրների դեսպանների հետ, ինչը տեղի է ունեցել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանոթյան ճանաչման բանաձևի քննարկման շեմին:
Չնայած ստացված հրավերին՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը չի մասնակցել հանդիպմանը: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած ԺՀԿ-ի ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպման ժամանակ անդրադարձել է Բունդեսթագի կողմից տվյալ բանաձևի առաջիկա քննարկման խնդրին:
«Ճիշտ չէ, որ խորհրդարանները որոշումներ կայացնեն պատմական թեմաների վերաբերյալ: Դա պատմաբանների գործն է: 2005 թվականին առաջարկել ենք ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Թուրքիան բացել է իր բոլոր արխիվները: Իրականությունը տեսնելու իրավունք ունենք ոչ միայն մենք, այլև՝ համայն աշխարհը: Կարծում ենք՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը էլ բացի իր արխիվները»,- ասել է նա:











































