Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենի դասի միջազգային ահաբեկիչների ոչնչացումը ուղիղ կապ ունի Ռուսաստանի տարածքում անվտանգության մակարդակի հետ: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է RIA Novosti գործակալությունը, որը ներկայացրել է ՌԴ նախագահի ելույթը:
«Գաղտնիք չէ, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը բազմիցս մեր երկիր է ուղարկել և հիմա էլ ուղարկում է իր անդամներին»,- ասել է Մեդվեդևը: Երկրի նախագահն ավելացրել է, որ հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները հատուկ օպերացիաների ժամանակ մշտապես ոչնչացնում են այդ խմբավորման անդամներին:
Չորեքշաբթի օրը նախագահն իր «Գոռկի» նստավայրում անցկացրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում նախագահը հանձնարարական է տվել մշակել հստակ ալգորիթմ, որը թույլ կտա պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիներին երկրի սահմաններից դուրս, այդ թվում նաև` ահաբեկչական վտանգի դեպքում:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կովկասում «Ալ-Քաիդայի» անդամների ոչնչացման մասին լուրեր հայտնվում են մշտապես: Միևնույն ժամանակ վերջին տարիներին ԶԼՄ-ներում հայտնվում է, որ Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները կորցնում են իրենց միջազգային ֆինանսավորումը, որի հետևանքով սկսել են տեղի գործարարներից դրամաշորթությամբ զբաղվել: