ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարին կից բարի կամքի դեսպան դերասանուհի Անջելինա Ջոլին կրկին եղել է Սիրիայի և Հորդանանի սահմանին, որտեղ հանդիպել է սիրիացի փախստական ընտանիքների հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Դերասանուհին, ով մեկ անգամ չէ, որ այցելում է այս տարածաշրջան, ասել է, որ այցի հիմնական նպատակն է «աջակցել սիրիացի փախստականներին, համաշխարհային հանրությանը կոչ անել օգնել ուղղելու նրանց դժվարին դրությունը, ավելի լավ հասկանալ Հորդանանի և հարևան երկրների կարիքները, ովքեր տուժել են այդ հակամարտությունից»:
Ջոլին Հորդանան է ժամանել նախօրեին, որտեղ հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերեշի հետ: Դերասանուհին նաև լսել է մի քանի փախստական ընտանիքների պատմություններ:
Ջոլին և Գուտերեշը այցելել են Զաատրիում գտնվող փախստականների ճամբար: Այն տեղակայված է երկրի հյուսիսային Էլ-Մաֆրաք նահանգում, և մոտ 100 հազար մարդ է այնտեղ պատսպարվում։











































