Թբիլիսիում բացվում է քիմիական, կենսաբանական, ռադիացիոն ու միջուկային անվտանգության և հետեւանքների կառավարման (World Congress on CBRNe Science & Consequence Management) հարցերին նվիրված համաշխարհային կոնգրեսը, որը կշարունակվի մինչև հունիսի 2-ը: Այս մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Միջոցառումն անցկացվում է Վրաստանի Պետանվտանգության ծառայության կողմից՝ ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ: Դրան կմասնակցեն 30 երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական անձինք, փորձագետներ ու գիտնականներ: Քննարկվելիք հարցերի թվում են միջուկային և ռադիացիոն անվտանգությունը, կենսապաշտպանությունն ու կենսաանվտանգությունը, քիմիական անվտանգության ասպեկտները և այլն: Կոնգրեսի շրջանակներում պլանավորվում է ցուցադրական վարժանքներ անցկացնել ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության դեմ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Վրաստանում 2015 թվականի օգոստոսից Պետանվտանգության ծառայության կողմից բացահայտվել ու կասեցվել է միջուկային նյութերի անօրինական շրջանառության չորս փաստ, ձերբակալվել է 19 անձ։










































