Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում արգելել սոցիալական ցանցերը, սակայն մտադիր են կարգավորել դրանք: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարի տեղակալ Հուսեյն Չելիքը:
«Պետք չէ մեզանից ինչ-որ անակնկալի և արգելքների սպասել: Կստեղծենք այնպիսի ռեեստր, ինչպիսիք արվում են քաղաքակիրթ երկրներում: Մենք չենք անի այնպիսի բան, որը կհակասի Եվրամիության չափորոշիչներին»,- ասել է Չելիքը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքերով՝ սոցիալական ցանցերն անհրաժեշտ է կարգավորել, ինչպես դա արվում է արևմտյան երկրներում:
«Արգելքի մասին խոսք չկա: Մեզ, հավանաբար, համեմատում են Չինաստանի հետ: Սակայն նույնիսկ Չինաստանը չի արգելում»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են խաղացել Գեզի այգու հետ կապված բողոքի ցույցերի կազմակերպման մեջ։







































