Ազգային ժողովում որոշ պատգամավորների ելույթներ հիշեցնում են «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների քննադատությանը:
«Անհավանական պատմություններ ենք լսում. ինձ մոտ այնպիսի տպավորություն է՝ կարծես մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատի հեքիաթը»,- ասաց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ տարածաշրջանի ցանկացած երկիր շահագրգռված է նման ծրագրով:
«Պետք է շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, քանի որ Դիլիջանի միջազգային դպրոցը աննախադեպ գիտակրթական ծրագիր է, որին կմասնակցեն 60 երկրների երեխաներ»,- ասաց նա:
Ըստ Է. Շարմազանովի՝ սա խթանում է ներդրումները, զարգացնում գիտությունն ու կրթությունը, համաչափ զարգացնում տարածքները: «Ցուլի տակ հորթ մի փնտրեք»,- ասաց Է. Շարմազանովը:










































