Հյուսիսայի Իռլանդիայում «Ութնյակի» գագաթնաժողովը հաջող է անցել և հնարավոր է եղել հասնել «իրական առաջընթացի» օրակարգի բոլոր կետերում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը:
Վարչապետը հիշեցրել է, որ երկօրյա հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի համար կարևոր էին առևտրի զարգացումը, հարկային ռեժիմի խստացումը և ընկերություններին տիրելու թափանցիկությունը:
«Մենք բանակցություններ ենք սկսել աշխարհում ամենախոշոր՝ երկկողմ առևտրի համաձայնագրի վերաբերյալ, ընդունել ենք «Լոհ-Էռնի հայտարարագիրը»: Թողարկում ենք նաև նոր միջազգային մեխանիզմ, որը կորոշի, թե որտեղ են տրանսազգային ընկերությունները ստանում իրենց եկամուտները և վճարում հարկերը»,- ասել է նա:
Քեմերոնի խոսքերով, գագաթնաժողովի մասնակիցներին հաջողվել է «ծանրակշիռ և կարևոր» որոշում ընդունել Սիրիայի վերաբերյալ: Դրա հետ կապված՝ նա հրապարակել է 7 քայլից բաղկացած ծրագիրը, որը նախատեսում է նաև դիվանագիտական ճնշում հակամարտության 2 կողմերի մասնակիցների վրա, որպեսզի սկսվի բանակցային գործընթացը: Բացի այդ, Սիրիային կհատկացվի նաև մոտ 1.5 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն:
Քեմերոնը հայտարարել է նաև, որ չի պատկերացնում Սիրիա, որը կշարունակի ղեկավարել Բաշար Ասադը:
Ինչ վերաբերում է Լիբիային, ապա «Ութնյակը» կնախապատրաստի այդ երկրի 7000 զինծառայողների՝ հեղափոխական նախկին խմբավորումների դեմ պայքարի համար։










































