Ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերի ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենը հունիսի 17-ին առցանց մամուլի ասուլիս է անցկացրել, որը կազմակերպել էր բրիտանական The Guardian թերթը: ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը 2 ժամ պատասխանել է թերթի ընթերցողների հարցերին:
Սնոուդենը հայտարարել է, որ իր լռությունը չի կարող կանխարգելել ԱՄՆ հատուկ ծառայությունների հետագա գաղտնազերծումը:
Բացատրելով այն հանգամանքը, թե ինչու է թաքնվել Հոնկոնգում, նա ասել է, որ այդտեղ իրեն չեն կարողանա միանգամից ձերբակալել, իսկ Իսլանդիայի վրա բավականին հեշտ է ճնշում գործադրելը, ինչի արդյունքում ԱՄՆ-ը կհասներ իր արտահանձնմանը: Նա կտրականապես հերքել է Չինաստանի հետախուզական ուժերի հետ համագործակցելու մասին շրջանառվող ենթադրությունները:
«Ամերիկյան կառավարությունը, ինչպես դա տեղի է ունեցել ավելի վաղ՝ նմանատիպ դեպքերում, անհապաղ և կանխատեսելիորեն ոչնչացրել է ԱՄՆ տարածքում արդարադատության հնարավորությունը՝ ինձ բացահայտ մեղադրելով պետական դավաճանության մեջ և գաղտնիքի բացահայտումը հայտարարելով աններելի հանցանք, ապօրինի և նույնիսկ հակասահմանադրական: Դա արդարադատության հետ ոչ մի աղերս չունի, և հիմարություն կլիներ ինքնակամ գնալ դրան, երբ ազատության մեջ ավելի շատ բան կարող ես անել, քան բանտում»,- ասել է Սնոուդենը:
Նա հայտարարել է նաև, որ հիասթափված է Օբամայից, ով հետաքննություն է անցկացնում օրենքի խախտմամբ, նպաստել է մի քանի ապօրինի ծրագրերի ընդլայնմանը և չի խոչընդոտել Գուանտանամոյում մարդու իրավունքների խախտմանը:









































