«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Ա. Խաչատրյանը:
– Սիրիայի շուրջ ծավալվող հայտնի իրադարձություններից շատ առաջ Դուք ռուսական իշխանություններին հորդորել եք զերծ մնալ Սիրիա զենք առաքելուց, քանի որ դա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իրադարձությունների զարգացումից տարիներ առաջ Դուք խոսել եք նաև ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր սրման և բանկային համակարգի փլուզման վտանգների մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի այսօրվա իրավիճակին:
– Նախքան Հայաստանի այսօրվա իրավիճակին գնահատական տալը և այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհների մասին խոսելը, կցանկանայի մի քանի խոսքով անդրադառնալ Ձեր հարցի առաջին մասում արծարծված պրոբլեմներին: Չեմ խորանա արաբական երկրների, մասնավորապես Եգիպտոսի, Լիբիայի, Սիրիայի և ԱՄԷ-ի ներսում ստեղծված քաոսին, որը մեծ ծրագիր է, այդ մասին ես խոսել եմ դեռ 10 տարի առաջ: Միայն մի հարց կարող եմ տալ ընթերցողին: Սիրիայի այս քաոսային վիճակում, երբ բոլոր քաղաքները շրջապատված են և՛ ընդդիմության, և՛ այլ երկրների մասնագետներով, բոլոր քաղաքներում պատերազմական իրավիճակ է, Ռուսաստանը ի՞նչ միջոցով և ճանապարհով պետք է Սիրիա տեղափոխի հակաօդային հզոր համակարգ՝ S-300-ը, և ի՞նչ պայմաններում դա պետք է աշխատի: Սրանից էլ երևում է, որ դա հզոր երկրների կողմից պայմանավորված ծրագիր է (սա իմ կարծիքն է):
Այժմ անցնենք Հայաստանում տիրող իրավիճակին: Ի՞նչը ստիպեց հայ մարդուն թողնել իր տունը, հեռանալ իր սեփական երկրից՝ չիմանալով թե ուր: Հայ մարդը, որը դարեր շարունակ մաքառել է իր մի կտոր հողի և պետականության համար, այսօր ունենալով այդ ամենը՝ հեռանում է ինչ-որ երկիր, ապրում է այդ երկրում որպես կիսաստրուկ՝ չունենալով ոչ մի իրավունք: Այսօր հայ մարդը գերադասում է բառիս բուն իմաստով ծառայել օտարին՝ ֆրանսիացուն, ռուսին, ամերիկացուն և չպայքարել իր սեփական տան ու երկրի համար: Ինչպե՞ս կարողացան մի քանի հոգի, օգտվելով հայ մարդու միամտությունից, փոխել նրա հոգեբանությունը, հաղթողի հոգեբանությունը վերածելով պարտվողի՝ իրականացնել մասսայական արտագաղթ: Արդյոք սա Ձեզ չի՞ հիշեցնում 1915 թվականը:
Ոչ մի հակահայկական պետություն և հատուկ ծառայություններ, եթե նույնիսկ միլիարդներ ծախսեին, չէին կարող այնքան վնաս հասցնել մեր երկրին, ինչքան հասցրեցին այս համակարգի հիմքերը ստեղծող ուժերը: Նման համակարգի ստեղծումը կատարվեց մեր երկրի ներսում, թե դրսի ուժերի օգնությամբ՝ մեզ համար պարզ է:
Այս պարագայում ծագում է երկրորդ հարցը: Ներսի ուժերը, որ ժողովրդին և պետականությունը հասցրեցին այս վիճակի, դա կատարել են մտածվա՞ծ, թե՞ անգիտակցաբար: Հզոր պետությունները ունենալով հզոր ինստիտուտներ, անվտանգության համակարգեր՝ լավ հասկանում են, որ գողացված գումարը չի կարող երկիր փրկել, իսկ մեզ համար պարզ է, որ միայն երկրի տգետ ղեկավարը երկրի քաղաքական ուժերին, ինտելիգենցիային կփոխարինի չարչիով՝ թեկուզ միլիարդատեր: Այս ամենից հետո էլ սկսվեց մեր պետության անվտանգության համակարգի արժեզրկումն ու խորտակումը ոչ միայն միջազգային ատյաններում, այլև տարածաշրջանում, որը, ի դեպ, ըստ նախկին նախագահի խոսքերի՝ ղեկավարում է Անգլիայի լրտես: Բայց ըստ վերլուծության՝ վերջինս ավելի թանկ է Անգլիայի համար: Ի՞նչ է՝ մոռացե՞լ եք, որ դիվանագետի ձայնագրման գործից հետո երկրի նախկին նախագահը Անգլիայի կողմից ոչ մի պատասխանատվության չկանչվեց:
Ծագում է ամենագլխավոր հարցը՝ ինչպե՞ս երկիրը դուրս բերել այս վիճակից:
1) Ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը պետք է հավատա, որ այս վիճակը շտկելու է ոչ թե դրսից ինչ-որ ուժ, այլ հենց ինքը պետք է դա անի՝ ստեղծելով առողջ ուժերի միջոցով կարգավորված լծակներ:
2) Կոռուպցիան, թալանը և սովը Հայաստանում հասել են այնպիսի աստիճանի, որ ժողովրդի հավատը վերականգնել շատ դժվար է, որը ցանկանում է օրինական ձևով հետ վերցնել թալանածը, որոնք գտնվում են և՛ Հայաստանում, և՛ դրսում, ու պատժել թալանչիներին:
Այսօր սա ամենավտանգավոր երևույթն է, որը սակայն հնարավոր է, որ ոչ ոք չկարողանա կանգնեցնել: Շատ շուտով Հայաստանում, որտեղ տնտեսություն փաստորեն չկա, թալանչիների համար այդ գումարները դառնալու են իրենց իսկ պատժի և վախճանի պատճառը: Ճիշտ հասկացեք, այն մարդիկ (թալանչիները), որոնք միլիոնավոր դոլարներ են դուրս բերում երկրից, որով իսկ կործանում են հայ ընտանիքները, չկրթված երիտասարդություն աճեցնում, նպաստում են երկրի կործանմանը և ավելի մեծ վնաս են հասցնում, քան տեռորը: Սա տեսնելով էր, որ ես դիմում էի միջազգային ատյաններին այս կոռումպացված թալանչիներին տեռորիստից ավելի վտանգավոր ճանաչել: Ահռելի ուժ ու եռանդ է պետք դնել, որպեսզի ստեղծվի մի մեխանիզմ, որը կարողանա ոչ ռադիկալ եղանակով երկիր հետ բերել թալանված հարստությունը և ժողովրդի մեջ արթնացնել հավատը:
3) Ըստ իս՝ այս քսան տարին ապացուցեց, որ նախագահի ինստիտուտը չի աշխատում, և ոչ մի թալանչի ղեկավար չի պատժվում: Ստեղծվել են օրենքներ, որոնք դեմ են մարդկային յուրաքանչյուր տրամաբանության: Միլիոնավոր հայեր, որոնք 1915 թվականին թուրքերի, իսկ այսօր էլ իրենց պատճառով փախել են իրենց երկրից, աշխատում են, միլիարդներ են ուղարկում, որպեսզի իրենք թալանեն, բայց ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն: Մեր կարծիքով՝ պետք է ստեղծվի կոլեգիալ մի մարմին, որի անվանումը ժամանակավոր կառավարություն կլինի կամ մի այլ բան, որտեղ պետք է լինեն նաև սփյուռքի ներկայացուցիչներ՝ ընտրելու և ընտրվելու իրավունքով: Սա առանձին թեմա է, որտեղ պետք է քննարկվեն բոլոր արտաքին և ներքին հարցերը, դրսի ուժերի վտանգներն ու օգուտները, հզոր պետությունների դիրքորոշումները և նմանատիպ բազմաթիվ հարցեր:
Մենք շատերս չենք կարող որոշ հարցերի պատասխաններ տալ՝ չունենալով այն ինֆորմացիան, թե ինչպիսի քայլեր են կատարել երկրի ղեկավարները, ինչ խոստումներ են տվել տարբեր երկրների: Այդ հարցերին ճիշտ չի լինի պատասխանել՝ միայն օգտվելով շշուկներից և մամուլից:
Միայն մի վերլուծություն կա. Այս վիճակում մենք պետք է մտածված և կարգավորված պաշտպանենք մեր ինքնուրույնությունը և պետականությունը:
2003 թվականի իմ հոդվածի պատճառը եղավ այն, որ ես չճանաչելով անձամբ Ռոբերտ Քոչարյանին, չէի ցանկանում, որ նա նորից դառնար նախագահ: Պատճառի մասին շատ քաղաքական ուժեր չէին ուզում լսել և դրա համար պրովոկացիոն հարձակում գործեցին ինձ վրա ՌԴ-ում: Ինձ համար նշանակություն չուներ, թե ով կլիներ նախագահ, միայն չլիներ Ղարաբաղի ներկայացուցիչ: Քանի որ հանձինս մի անձի մեր երկրում ատելություն կսերմաներ Հայաստանի ժողովրդի մեջ ղարաբաղցիների նկատմամբ, որը այսօր մենք տեսնում ենք:
Ավելի հեշտ է եղել կռվի դաշտում ազնվորեն կռվել երկրի համար, լինել ընկերոջ կողքին, կյանք տալ, քան թե կորցնել թեկուզ թալանի միջոցով կուտակած հարստությունը: Ցավալին այն է, որ այս մարդկանց ընտանիքները համարում են իրենց շատ ազնիվ և պարկեշտ մարդիկ, և Հայաստանում ամենահզոր գործունյաներ դառնում են չինովնիկները և նրանց ընտանիքի անդամները: Հարցազրույցի սկզբում միջազգային բանկային համակարգի խորտակման մասին Ձեր նշումը մեկնաբանելով՝ կարող եմ ասել, որ մի քանի հազար ֆինանսական տականքներ, որոնց համար ամբողջ աշխարհում չկա ոչ սահման, ոչ կրոն և ոչ էլ ազգություն, հոյակապ պայմաններ են ստեղծում նմանատիպ չինովնիկների և նրանց ընտանիքների համար, որոնք թալանելով գումարները և երկրից դուրս բերելով՝ անգիտակցաբար հարստացնում են բանկային այդ բորենիներին, որոնց բանկային շահերը աշխատում են նույնիսկ ամենաաղքատ երկրներում: Միջազգային բանկային համակարգերը թույլ տվեցին, իմ կարծիքով, մեծ սխալ. մտածելով, որ չունևոր մարդկանց վարկեր տալով՝ դրանով կախվածություն կստեղծեն: Սակայն այդ վաշխառուները չհասկացան, որ մի օր ամբողջ աշխարհի ժողովուրդը դուրս կգա իրենց դեմ: Եվ այդ պրոցեսը շատ մոտ է: Միայն մի խնդրանք ունեմ՝ դադարեցրեք թալանը:
– Հայաստանում ստեղծված «Հակակոռուպցիոն» կազմակերպությունը ի՞նչ կապեր ունի տարբեր երկրների, ինչպես նաև ՌԴ-ի նմանատիպ կառույցի հետ, որտեղ Դուք խորհրդական եք:
– Հայաստանի «Հակակոռուպցիոն» կազմակերպությունը համագործակցում է տարբեր երկրների, ինչպես նաև ՌԴ կազմակերպության հետ: Աշխարհում հարյուրավոր նմանատիպ կազմակերպություններ կան: Կլինեն անձեր, ինստիտուտներ, թե երկրի նախագահներ, որոշները ազդեցիկ, որոշները ոչ այդքան, մենք պետք է ամբողջովին համագործակցենք այդ ուժերի հետ՝ ի նպաստ մեր ընտանիքների և երկրի, որի մասին ավելի մանրամասն մոտ ապագայում կխոսի ՀՀ «Հակակոռուպցիոն» կազմակերպությունը՝ հանձինս նախագահ Գառնիկ Մարգարյանի:








































