2013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյան գյուղի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղում ստեղծված լարված մթնոլորտը դեռևս պահպանվում է: Լարվածության հերթական փուլը հանգեցրեց նրան, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ Պռոշյանի գյուղապետի սպանությունից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված՝ ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը դադարեցրեց պաշտոնակատարի իր լիազորությունները: Գյուղում անառողջ մթնոլորտ, մասնավորապես, առաջացել էր Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի դաշնակցական աջակիցների և Արմենուհի Մելիքյանի միջև: Դաշնակցականներն Ա. Մելիքյանին անվանում էին «մարդասպան» և նշում, թե արյունով են պահելու գյուղապետի պաշտոնը:
Դադարեցնելով իր լիազորությունները՝ Արմենուհի Մելիքյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ գյուղում ստեղծված լարվածությունն արհեստական է և այն ստեղծվել է դաշնակցականների կողմից, որոնք, ամենայն հավանականությամբ, գյուղապետի առաջիկա ընտրություններում ցանկանում են թեկնածու առաջադրել՝ այդպիսով պահելով գյուղապետի պաշտոնը: Նա իր տարածած հայտարարության մեջ նաև նշել էր, որ այդ մարդիկ սովոր են զենք օգտագործել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմենուհի Մելիքյանը մի քանի պարզաբանում արեց իր հայտարարության վերաբերյալ՝ ասելով, որ չափազանց հիասթափված ու վիրավորված է, քանի որ պետությունը պաշտպանում է կուսակցականների շահերը՝ թույլ տալով իրեն վիրավորել «ամենավերջին ձևով», ոտնահարել իր անձնական շահերն այն դեպքում, երբ ինքը մարզպետի որոշմամբ էր նշանակվել գյուղապետ և ոչ իր քմահաճույքով:
«Ովքեր էին համայնքային դաշնակցական ծառայողները, որ պետք է խոչընդոտ ստեղծեին այն դեպքում, երբ հրամանով էի նշանակվել այդ պաշտոնում: Ես ընտրություն չէի խախտում, գալիս էի ընդամենը նշանակված պաշտոնի գործառույթներ կատարելու համար: Այդ լարվածությունն արհեստական էր ստեղծված, շահարկվում էր նաև հանգուցյալ գյուղապետի անունը, որը շատ մեծ խղճահարություն առաջացրեց: Ոչ մեկը որևէ բարոյական իրավունք չուներ իմ հետ այդպես վարվելու։ Ես սովորական քաղաքացի եմ, ես էլ կարող եմ իրենց հասցեին ասել՝ ինչ լեզուս պտտվում է, ես էլ կարող եմ ասել, որ իրենք գյուղապետարանում ինչ-որ հանցանք են թաքցնում: Գյուղապետարանում վախենում են իմ ներկայությունից: Ինձ ասում են «խառնակիչ», «մարդասպան», իրենք իրենց վարքով ապացուցում են, որ հանցագործ են, նրանք թաքցնելու բան ունեն: Դա ատելության դրսևորում է, իրենց վարքագիծն է հուշում, թե իրենք ովքեր են, ինչքան անբարո վարքագիծ ունեն: Մեղադրում եմ և՛ մարզպետարանին, և՛ ՀՀ ոստիկանությանը, որ չպաշտպանցին ոչ իմ անձը, ոչ իմ արժանապատվությունը։ Ոստիկանությունը և մարզպետարանը թող հորդորեին այդ մարդկանց նստել իրենց աշխատասենյակներում և ենթարկվել օրենքին: Եթե այդ մարդիկ չլինեին, ո՞վ էր կանգնելու նորից շարունակեր: Ո՞վ իրավունք ունի ինձ ասելու, թե աչքերս կհանի, ո՞վ իրավունք ունի ասելու, որ ես մարդասպան եմ։ Եվ ոստիկանությունը ոչինչ չարեց դրա դեմն առնելու համար: Ես ահավոր վիրավորված եմ»,- ցավով նշեց Արմենուհի Մելիքյանը:
Անդրադառնալով ՀՅԴ-ին՝ նա ասաց, որ եթե ՀՅԴ-ն է ընդդիմության դեմքը, ապա այդ դեմքը «նողկանք է արտահայտում», ու եթե ժողովուրդն, ի դեմս այդ կուսակցության, ըմդդիմություն է տեսնում, «թող գնա ու ընկնի ջուրը»: Պռոշյանի գյուղապետի նախկին պաշտոնակատարը նշեց, որ միշտ հարգել է բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ ՀՅԴ-ին, որն ունի պատմություն, բայց սա՞ է արդյոք նրա դեմքը: «Ես հիասթափված եմ: Հայտարարում են, թե արյունով են պահում այդ պաշտոնը, թող արյունով էլ պահեն»,- այսպես ավարտեց իր խոսքն Արմենուհի Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Նա մահացել էր քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նրա սպանության գործով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Իսկ Արայիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը, ձերբակալվել է ավելի ուշ՝ մեղադրվելով խուլիգանության մեջ: Իսկ մայիսի 12-ին արտակարգ դեպք է արձանագրվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել էին՝ գերեզմանատանը թողնելով անհասկանալի գրություններ:









































