Արդեն 5-րդ անգամ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ մեկնարկեց «Արի տուն» համահայկական ծրագիրը: Հայաստան են ժամանել աշխարհի ամենատարբեր երկրների երեխաներ, ովքեր առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնարավորություն կունենան այցելել Հայաստանի տեսարժան վայրեր: Այսօր «Էրեբունի» բիզնես-կենտրոնում հրավիրված հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան իրենց երախտիքի խոսքը հայտնել՝ վերջապես Հայաստան վերադառնալու հնարավորություն իրենց ընձեռելու համար: Նրանց բաժանեցեին պայուսակներ, շապիկներ և գլխարկներ, որոնք պետք է կրեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանից ժամանած աղջիկները նշեցին, որ շատ ուրախ են Հայաստան գալու համար և կուզենային այստեղ մշտական բնակություն հաստատել։ Նրանք ասացին, որ Ախալցխայում հաճախում են հայկական դպրոց, ամեն օր անցնում են մայրենի լեզուն և անում են հնարավոր ամեն ինչ՝ այն չմոռանալու համար: Աղջիկներն ուզում են ապագայում իրավաբան դառնալ և այստեղ աշխատել: Իսկ այն հարցին, թե երբևէ իրենց ծնողներից չե՞ն հետաքրքրվել՝ ինչու չեն ապրում Հայաստանում, պատասխանեցին, որ ոչ:
Հայրենիք վերադարձած երեխաների մեջ կային այնպիսները, ովքեր մայրենի լեզվով դժվարանում էին խոսել և իրենց ողջույնի խոսքի մի մասն ասացին ռուսերենով: Ավանդույթի համաձայն՝ Սփյուռքի նախարարության աշխատակիցը տարիքով ամենափոքր երեխային, ով 13 տարեկան էր և ժամանել էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքից, «Արի տուն» շապիկը հագցրեց հենց միջոցառման ժամանակ: Երեխաներից մեկն էլ երգեց մեր օրհներգը:










































