Այսօր մեկնարկելիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի գլխավոր խնդիրն այն է, որ մասնակից երկրներն այլևս համաշխարհային առաջնորդներ չեն՝ գրում է The Financial Times-ը: «Հին, բարի ժամանակներում սկզբնական հնգյակը՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան, առաջատար տնտեսական տերություններ էին»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է հոդվածագիրը, այդ պետությունները ոչ միշտ էին համաձայնության գալիս, սակայն կոնսենսուսի դեպքում նրանք կարողանում էին թելադրել իրենց պայմանները, նույնիսկ ԽՍՀՄ-ի դիմակայության դեպքում: Դա շարունակվել է մինչև Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ՀԱՀ-ում և այլ երկրներում իրավիճակի փոփոխումը: Այդ իսկ պատճառով G8-ի առաջնորդները ճնշում են զգում և գիտակցում են օրակարգ ձևավորել կարողանալու հարցում իրենց դրսևորելու անհրաժեշտությունը:
Հոդվածագիրը ենթադրում է, որ հազիվ թե արժե Սիրիայի հարցով բեկումնային որոշումներ ակնկալել:
The Washington Post-ն ուշադրություն է դարձնում գագաթնաժողովի տնտեսական կողմին և գրում, որ Պուտինի և Օբամայի հանդիպումը պետք է լույս սփռի բնական գազի արտահանման հանդեպ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զգալիորեն տարբերվող մոտեցումների վրա: Ռուսաստանը շարունակում է բնական գազ արտահանել և գերիշխել եվրոպական շուկայում: Ինչպես նշվում է հոդվածում, արտահանվող էներգիայի բարձր գներն ուժեղացնում են Պուտինի դիրքերը Ռուսաստանի ներսում, իսկ դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին:
Վաշինգտոնին տրամադրվում է հազվադեպ հնարավորություն՝ գազի արտահանմամբ միաժամանակ դաշնակիցներին օգնելու, արտաքին քաղաքականությունն ուժեղացնելու և երկրի ներսում աշխատատեղեր ստեղծելու համար:











































