Թուրքիայի ոստիկանությունը մայրաքաղաք Անկարայում ձերբակալել է ավելի քան 50 մարդու: Բոլոր ձերբակալվածներն ակտիվորեն մասնակցել են հակակառավարական ակցիաներին: Ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների միջոցով: Ձերբակալություններով ու ջրցան մեքենաների գործադրմամբ են կիրակի օրը ցույցերը հանդարտվել նաև Ստամբուլում: Այնուհանդերձ՝ իրավիճակն այնտեղ դեռևս անհանգիստ է: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ավելի վաղ իր կողմնակիցների հանրահավաքում վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թաքսիմ հրապարակն ու Գեզի այգին մաքրվել են ցուցարարներից: Կիրակի երեկոյան քաղաքի կենտրոնում նոր ընդհարումներ են սկսվել իրավապահների և իշխանությունների քաղաքականությունից դժգոհ ցուցարարների միջև:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում ցույցերը սկսվել էին մայիսի 28-ից, երբ իշխանությունները հայտարարեցին Գեզի այգու վերակառուցման ծրագրերի մասին: Աստիճանաբար բողոքի ակցիաները տարածվեցին Թուրքիայի բոլոր քաղաքներում:









































