Գրքի և ընթերցանության հանդեպ սերը, ըստ «Անտարես» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, առաջին հերթին պետք է արթնացնել պետական պաշտոնյաների միջոցով. «Քաղաքացիները սպասում են պետական ուղերձի: Մինչ անցյալ տարի, երբ Գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձավ Երևանը, Հայաստանի քաղաքացիները ստացել էին պետական երկու այրերի կողմից ուղերձներ: Մեկը 2007 թվականի դեկտեմբերին էր, երբ բարձրաստիճան պաշտոնյան ասել էր՝ ես գիրք կարդալ չեմ սիրում, և անցյալ տարի մեկ այլ պաշտոնյա ասել էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չէ: Այս ուղերձները պետության կողմից աշխատում են նույն ձևով, ինչ գովազդային հոլովակները»:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ այդ տեսակետը փոխվեց, երբ անցյալ տարի Արմեն Աշոտյանը գրքով հանդես եկավ չորրորդ դասարանցիների առջև. «Այդ ծիլը դրվեց, բայց դա պետք է պարբերաբար ջրել, պետք է այլ պաշտոնական անձինք էլ գրքի հանդեպ դրական արտահայտվեն: Եթե նրանք խոսեն իրենց սիրած գրքի մասին կամ կարճ խոսքով հանդես գան, ապա այդ ծիլերը կմեծանան և կամրապնդվեն»:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև «Էդիթ պրինտ» հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանի հետ, ով ևս փաստեց, որ այսօր պետությունը քիչ բան է անում գրքի հանդեպ հարգանքը բարձրացնելու և ընթերցանությունը խթանելու համար. «Պետությունը չի օգնում, որպեսզի գիրքը լույս տեսնի: Դպրոցական տարիքի համար գրքերը չկան մարզերի գրադարաններում, այնինչ այդ գրքերը տարիներով մնում են գրախանութներում: Մանկական գրքերի համար ավելացված արժեքի հարկը հանված է, իսկ գեղարվեստական գրքինը՝ ոչ»:
Նա ցավով շեշտեց, որ ահավոր ընկել է գրականության և կարդալու նկատմամբ պահանջարկը, շատ են գրքեր հրատարակվում, բայց անցյալ տարվա համեմատ՝ վաճառքը 20-30 տոկոսով նվազել է, ինչը հնարավորություն չի տալիս, որ գրքի շուկան զարգանա:
Այս ամենին «Անտարեսի» նախագահն էլ հավելեց, որ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար անցյալ տարի սփյուռքի նախարարության հետ համատեղ օլիմպիադա են անցկացրել վեցերորդ դասարանցիների շրջանում: Հաղթողները տարբեր նվերներ են ստացել, նրանցից մեկի հայրը ստացել է անվճար ԱՊՊԱ՝ «Ռեսո» ապահովագրականից, մյուսը՝ ծնողներից մեկի հետ մեկնել է Հռոմ, 33 մասնակիցներ ԱՄՆ դեսպանության կողմից էլեկտրոնային գիրք կարդացող սարք են ստացել։ «Մենք կարողացանք կոտրել գրքի հանդեպ կարծրատիպը: Պատկերացրեք՝ մի աշակերտի շնորհիվ դպրոցում կա էլեկտրոնային գիրք ընթերցելու սարք: Երեխան, որը գիրք է կարդում, դառնում է դպրոցի պարծանքը, և գրքի հանդեպ վերաբերմունքն ամբողջությամբ փոխվում է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն կրթության և մշակույթի նախարարների հետ պայմանավորվածություն ունեն, որ օլիմպիադան շարունակական լինի:
Չնայած ընթերցանության ցածր մակարդակին՝ գրողները ստեղծագործում են, և վերջին շրջանում շատ են գրքերի շնորհանդեսները: Թարգմանվում են նաև գրականության մեջ առաջատար ստեղծագործություններ:
Օրինակ, «Անտարեսը» շարունակում է «Արգելված գրքեր» շարքից թարգմանել համաշխարհային մեծությունների գրքերը, «Պարտադիր ընթերցանություն» շարքից՝ Լևոն Խեչոյանի «Արշակ Արքա», «Դրաստամատ ներքինի» ստեղծագործությունները։ Շուտով Նոբելյան մրցանակակիրների գրքերը կթարգմանվեն, որին կհաջորդեն Նոբելյան ոչ մրցանակակիրները, ովքեր ինչ-ինչ քաղաքական պատճառներով չեն ստացել մրցանակը, բայց պակաս հեղինակներ չեն: Հայ ստեղծագործողներից լույս կտեսնեն ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի գրողների ստեղծագործությունները: Գրող Արքմենիկ Նիկողոսյանի 40 էջանոց առաջաբանով լույս կտեսնի Ե. Չարենցի «Երկիր Նաիրին»: Առաջաբանում Արքմենիկը նոր լույս կսփռի, թե վեպով ինչ էր ուզում ասել Չարենցը:
Մոտ տասն օր առաջ լույս է տեսել Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» գիրքը, որը գրողի ստեղծագործությունների ընտրանին է։ Ցավոք, գիրքը լույս չտեսավ նրա կենդանության օրոք:
Ընդհանուր առմամբ՝ «Անտարեսում» տարեկան շուրջ 100-150 նոր գիրք է լույս տեսնում, գրեթե նույն չափով նոր գրքեր են լույս տեսնում նաև այլ հրատարակչություններում: Անգամ այս պայմաններում դժվար է գրքերի իրացումը, քանի որ, ինչպես նշեց «Էդիթ պրինտի» նախագահը, ցածր են մարդկանց աշխատավարձերը, փոխարենն անընդհատ բարձրանում է գազի, լույսի, սննդամթերքի վարձը:









































