Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Հենրիկ Գրիգորյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ Հենրիկ Գրիգորյանը համացանցի կայքերից մեկից 2-10 դոլարով գնել է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ՝ քարտապանի անուն, ազգանուն, 16 նիշանոց համար, քարտի թողարկման և գործունեության ժամկետ, քարտի CVV եռանիշ կոդ:
Մտադրություն ունենալով այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակել՝ Գրիգորյանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ երկու դրվագով հափշտակել է 361 հազար 800 և 461 հազար 500 դրամ գումարներ, ընդհանուրը՝ 823 հազար 300 դրամ:
461 հազար 500 դրամ գումարի եկամուտները Գրիգորյանը օրինականացրել է՝ «լվացել է», արդյունքում՝ հափշտակված գումարների հետգանձումների վերաբերյալ պահանջներ են ներկայացվել ԱՄՆ բանկերի կողմից Հայաստանում սպասարկող բանկ հանդես եկած «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին:
Ըստ դատական ակտի՝ առաջին դրվագով հափշտակած գումարը՝ 361 հազար 800 դրամը, Գրիգորյանը «Արքա» բանկային համակարգի գործածմամբ փոխանցել է համացանցային կայքում իր կողմից բացված վիրտուալ հաշվեհամարին, որից հետո տարբեր չափերի գումարներով վճարել ու լիցքավորել է ծանոթների ու ազգականների կողմից օգտագործվող թվով 31 բջջային հեռախոսահամարների հաշիվները, ինչի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառել է 361 հազար 800 դրամի գույքային վնաս:
Երկրորդ դրվագով նույն եղանակով հափշտակած 461 հազար 500 դրամը փոխանցել է իր բացած վիրտուալ հաշվեհամարին, այնտեղից մաս-մաս գումարը մուտքագրել է գործարքի հետ կապ չունեցող անձի հաշվեհամարին, որն ինքն էր բացել, ու սկսել է ուղիներ փնտրել այդ գումարի կանխիկացման և օրինականացման համար:
Այդ նպատակով և գումարի հանցավոր ծագումը, տեղաշարժը խեղաթյուրելու, թաքցնելու համար ՀՀ-ից այն փոխանցել է ՌԴ-ում գրանցված հաշվեհամարին, որտեղից էլ գումարը կանխիկացվել ու տնօրինվել է՝ արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառելով 461 հազար 500 դրամի անմիջական գույքային վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանում Հենրիկ Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:
27-ամյա Հենրիկ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին և 190 հոդվածի 1-ին մասերով, ու վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 3 ամիս ազատազրկում՝ 461 հազար 500 դրամի գույքի բռնագրավմամբ հօգուտ պետբյուջեի:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հայցը՝ Գրիգորյանից 5 միլիոն 579 հազար 535 դրամ բռնագանձելու վերաբերյալ՝ որպես հանցագործության հետևանքով տուժող բանկին պատճառված ոչ անմիջական վնաս, դատարանը թողել է առանց քննության: Հայցը կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:
Կեղծ պլաստիկ քարտերի հետ կապված մի գործ էլ ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Լևոն Մատինյանը իր կողմից իրացնելու նպատակով իր իսկ անվանական տվյալներով պատրաստել է կեղծ վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող պլաստիկ քարտեր, որոնց վրա, տեխնիկական միջոցներ օգտագործելով, ձայնագրել է արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարները սպասարկող բանկային քարտերի հաշվեհամարների վերաբերյալ գողացված տվյալներ:
Մատինյանը շրջանառության մեջ է դրել կեղծ քարտերը. նա ՀՀ տարածքում գործող «Կոնվերս բանկ», «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «ՎՏԲ Հայաստան բանկ», «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ», «Յունիբանկ» և «Հայբիզնեսբանկ» ընկերությունների կողմից սպասարկվող տերմինալների միջոցով իրացրել է պլաստիկ քարտերը՝ օտարերկրյա բանկերի մի շարք հաճախորդների հաշվեհամարներից գողության եղանակով, թվով 58 առանձին դրվագով հափշտակելով գումարներ:
Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել ու խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված գումարներից մի մասի ծագման աղբյուրը և պատկանելությունը, իր և այլ անձանց համար Մատինյանը, ըստ մեղադրանքի, վճարել է տարատեսակ ծառայությունների դիմաց, գնել է զանազան ապրանքներ և ավիատոմսեր ու 49 առանձին դրվագով օրինականացրել է հափշտակած գումարները:
Լևոն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190 հոդվածի 1-ին մասով:
Համակարգչային տեխնիկայի և կեղծ պլաստիկ քարտերի օգտագործմամբ կատարվող հափշտակությունները, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների վիրտուալ «լվացումը» դարձել են արդիական հանցատեսակներ: Տուժած բանկերի երկար ցանկը վկայում է, որ բանկերը դեռ լավ պաշտպանված չեն վիրտուալ և ոչ վիրտուալ հանցագործություններից:








































