Թուրքիայի առողջապահության նախարարությունը սկսել է հետաքննել Ստամբուլի բժիշկ-կամավորների «չարտոնագրված» գործունեությունը, ովքեր Գեզի այգում ժամանակավոր բժշկական կետ են բացել և օգնել են ոստիկանության գործողությունների պատճառով տուժած մարդկանց: Այս մասին գրում է Hurriyet թերթը:
Կառավարությունը քաղաքային Բժշկական պալատից պահանջել է բացատրել, թե ինչ հիմքով է բացվել բժշկական կետը և ինչու է դա արվել առանց նախարարության թույլտվության: Պաշտոնյաները նաև պահանջել են հայտնել այնտեղ աշխատած բժիշկների անունները և պարտականությունները: Բացի այդ, նախարարությունը մանրամասն հաշվետվություն է պահանջել այնտեղ կատարված աշխատանքի վերաբերյալ՝ վիրավորների քանակի, վերքերի բնույթի և այլն:
Ստամբուլի բժշկական պալատում, սակայն, նախարարության պահանջը աբսուրդ են համարել և իրենց բողոքն են հայտնել: Բժիշկների ներկայացուցչի խոսքով՝ «նախարարությունը մեզ փորձում է մեղադրել առանց իրենց թույլտվության Հիպոկրատի երդումը կատարելու մեջ»:






































