Վրաստանի նախագահը շնորհավորել է երկրի արտգործնախարարությանը և նախարարին՝ Վրաստանի մասին բանաձևի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքների կապակցությամբ:
Այս մասին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանիի հետ հանդիպման ժամանակ:
«Բանաձևի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել արտգործնախարարությանը, արտգործնախարարին, փոխնախարարին՝ նրանց, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ում մեր դեսպան պարոն Մահարոբլիշվիլիին: Վերջին շրջանում ես նրանց օգնում էի, ինչով կարողանում էի: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Լոմային: Այս տարի բանաձևին աջակցել են ավելի շատ երկրներ: Դա դրական տենդենց է: Դա նշանակում է, որ չնայած մեր զավթիչի անզգույշ դիմադրությանը՝ այդ իրավունքը ոչ ոք չի խլի մեր ժողովրդից, և օրը կգա, երբ մեր ժողովուրդն իր տուն կվերադառնա: Մենք կվերահաստատենք պետական վերահսկողությունը մեր տարածքներում, ես դրանում չեմ կասկածում»,- ասել է Սաակաշվիլին:











































