Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Զավեն Մարկոսյանի գործի դատավարությունը:
Զավեն Մարկոսյանը սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 1-ին կուրսում: Դրա հետ մեկտեղ Զավենը, ըստ երևույթին՝ որպես շատ լավ մասնագետ, աշխատել է նույն մանկավարժական համալսարանի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու:
Ըստ դատական ակտի՝ նա «խորհրդատվություն» է կատարել հենց իր համակուրսեցիներից երկուսի համար: Վերջիններս դիմել են իրենց «պաշտոնավոր» կուրսեցուն՝ ուսման վարձի զեղչի հետ կապված:
Տեղեկանալով, որ համակուրսեցի Թովմասյանը ունի մինչև 1 տարեկան մեկ երեխա, իսկ Խաչատրյանը՝ 4 անչափահաս երեխա, Զավեն Մարկոսյանը բացատրել է ուսման վարձի մասնակի փոխհատուցման կանոնակարգի դրույթները, ուսանողների իրավունքները և Թովմասյանին ու Խաչատրյանին առաջարկել է իր օգնությունը՝ ուսման վարձերը զեղչված մուծելու գործընթացը կազմակերպելու հարցում:
Թովմասյանը մինչև իր երեխայի մեկ տարին լրանալը՝ 2012 թվականի հունվարի 16-ը, Մարկոսյանին է փոխանցել պահանջվող փաստաթղթերի պատճենները: Մի քանի օր անց՝ հունվարի 19-ից 23-ը, Զավեն Մարկոսյանը Թովմասյանին վստահեցրել է, թե հարցը կարգավորված է, մնում է վճարել ուսման վարձը, և պահանջել է շտապ իրեն տալ զեղչված չափով ուսման վարձի գումարը, թեև Թովմասյանի երեխայի մեկ տարին արդեն լրացել էր, ու նա այլևս իրավունք չուներ օգտվելու ուսման վարձը զեղչով մուծելու իրավունքից:
Թովմասյանը, ենթադրելով, որ ի պաշտոնե Մարկոսյանը կկարողանա «ծանոթի կարգով», ասենք, ուսման վարձի գումարը մուտքագրել տալ հետին ամսաթվով ու «գլուխ բերել» զեղչից օգտվելու հարցը, համակուրսեցի Մարկոսյանի աշխատասենյակում նրան է տվել իր կիսամյակային ուսման վարձի զեղչված չափը՝ 180 հազար դրամ:
Սակայն գլխավոր իրավախորհրդատու Զավեն Մարկոսյանը, Թովմասյանին հավաստիացնելով, թե նրա հարցի լուծումն ավարտական փուլում է, իրականում մատը մատին չի խփել, Թովմասյանի որևէ փաստաթուղթ դեկանատ չի հանձնել, իսկ համակուրսեցու «զեղչված» ուսման վարձը ծախսել իր կարիքների համար:
Երբ որոշ ժամանակ անց Թովմասյանը հետաքրքրվել է իր ուսման վարձի հարցով, Մարկոսյանը խոստովանել է, որ այդ հարցը չի լուծվել, իսկ վարձի գումարն էլ ինքը ծախսել է: Խոստացել է կարճ ժամանակում վերադարձնել գումարը, բայց խոստումը չի կատարել: Թովմասյանը դիմել է ոստիկանություն:
Թովմասյանի ուսման վարձի գումարը հափշտակելով՝ Մարկոսյանն «աչքաթող» չի արել ևս մի համակուրսեցու՝ Խաչատրյանին: Նրա՝ որպես 4 անչափահաս երեխա ունեցողի, ուսման վարձը հաստատ պիտի զեղչվեր: Մարկոսյանը Խաչատրյանին վստահեցրել է, թե զբաղվում է նրա ուսման վարձի զեղչման հարցով:
2012 թվականի փետրվարի 2-ին կամ 3-ին Մարկոսյանը շտապ պահանջել ու ամենահարմար վայրում՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Խաչատրյանից վերցրել է նրա ուսման զեղչված վարձի վճարման համար անհրաժեշտ գումարը՝ 180 հազար դրամ:
Մարկոսյանը համակուրսեցուն վստահեցրել է, որ ուսման վարձի վճարման վերաբերյալ անդորրագիրը նրան կհանձնի հեռակա ուսուցման երկրորդ կիսամյակն սկսվելիս՝ 2012 թվականի ապրիլին:
Դրանից հետո Զավեն Մարկոսյանը, ճիշտ է, Խաչատրյանի փաստաթղթերը ներկայացրել է դեկանատ, համապատասխան հանձնաժողովն էլ որոշել է Խաչատրյանի ուսման վարձը զեղչել 20 տոկոսով, բայց Մարկոսյանը ուսման վարձի՝ իրեն հանձնված գումարը չի վճարել դրամարկղ, այլ ծախսել է սեփական կարիքների համար:
Խաչատրյանը ստիպված է եղել ևս 192 հազար դրամ մուծել՝ արդեն անձամբ, ապա փորձել է հանդիպել արդեն նախկին իրավախորհրդատու կուրսեցուն, հետ ստանալ իր գումարը, բայց չի կարողացել: Նրանք խոսել են հեռախոսով, Մարկոսյանն ընդունել է, որ Խաչատրյանի 180 հազարը ծախսել է, խոստացել է վերադարձնել, բայց այս անգամ էլ խոստումը չի կատարել:
20 տոկոս օրինական զեղչը չորս երեխայի հոր վրա չափազանց թանկ է նստել՝ մեկ կիսամյակի ուսման վարձ:
Ընդհանուր իրավասության դատարանում իրավագետ և իրավախորհրդատու ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Մարկոսյանը պատճառաբանել է, թե տուժողներից խարդախությամբ գումարներ չի հափշտակել, և իր արարքում հանցակազմ չկա:
Թովմասյանին անկեղծորեն ցանկացել է օգնել, դրա համար է վերցրել նրա փաստաթղթերն ու գումարը: Սակայն ուշադիր ուսումնասիրել է օրենսդրությունը և համոզվել. քանի որ նրա երեխայի մեկ տարին արդեն լրացել էր, նրան զեղչ չէր հասնում: Այդ պատճառով ինքը ռիսկի չի դիմել, նրա դիմումը չի մուտքագրել համալսարանում, ուսման վարձն էլ չի վճարել: Միայն թե այդ գումարը ծախսել է ու չի կարողացել վերադարձնել Թովմասյանին, որովհետև մեկ այլ գործով՝ դատարանի վճռի համաձայն, ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրված եղել իր հաշվի վրա, բռնագանձում է կատարվել իր աշխատավարձից: Ինքը ֆինանսական խնդիրներ է ունեցել ու Թովմասյանի գումարը ժամանակին չի կարողացել վերադարձնել:
Խաչատրյանի փաստաթղթերն էլ մուտքագրել է, բայց ուսման վարձի գումարը չի վճարել դրամարկղ ու ծախսել է իր կարիքների համար՝ մտածելով, թե մարտ ամսին կվճարի իր աշխատավարձից: Դե, իսկ աշխատավարձն էլ հարկադիր կատարողներն էին բռնագանձում, այնպես որ՝ գումար չի ունեցել պարզապես…
Ըստ Մարկոսյանի՝ տուժողներն իմացել են, որ ուսման վարձի գումարները պետք է ավելի ուշ վճարվեին, այսինքն՝ նրանք գիտակցել ու հասկացել են, որ իրեն տրված գումարներն ինքը կարող էր և իր կարիքների համար ծախսել: Չնայած դրան՝ տվել են գումարները: Հետևաբար, ըստ Մարկոսյանի, իրենց միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ: Ինքը պատրաստ է վերադարձնելու նրանց գումարները:
Տուժողները պնդել են, թե չեն իմացել, որ ուսման վարձի գումարները կարող են ավելի ուշ վճարել: Այդ գումարներն իրենք պարտքով չեն տվել ամբաստանյալին, նա խաբել է իրենց՝ չարաշահելով իրենց վստահությունը:
2012 թվականի հունիսից Մարկոսյանն աշխատանքի է անցել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում, հունիս-սեպտեմբեր ամիսներին ստացել իր հափշտակած գումարների համարյա կրկնապատիկը կազմող աշխատավարձ, սակայն տուժողներին վերադարձրել է ընդամենը…20 հազարական դրամ:
Ընդհանուր իրավասության դատարանը Զավեն Մարկոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 500 հազար դրամ տուգանքի: Մարկոսյանից հօգուտ տուժողների կբռնագանձվի 160 հազարական դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում:












































