Բրազիլիայի երկու խոշորագույն քաղաքներում՝ Սան Պաոլոյում և Ռիո դե Ժանեյրոյում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել երթևեկության գների բարձրացման դեմ: Ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանության հետ, հաղորդում է Associated Press-ը:
Սան Պաոլո քաղաքում ակցիային մասնակցել է շուրջ 5000 մարդ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Ձերբակալվել է շուրջ 40 մարդ, մի քանիսի մոտից առգրավվել են դանակներ ու դյուրավառ հեղուկով շշեր:
Ռիո դե Ժանեյրոյում ակցիայի պատճառ է հանդիսացել մետրոյի և ավտոբուսի ուղեվարձի թանկացումը: Ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ: Այստեղ ցուցարարները նստած ակցիա են կազմակերպել կենտրոնական փողոցներից մեկում:
Բախումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում:







































