Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և թեկնածուների կեսն արդեն մասնակցել են նախագահական ընտրությունների քվեարկությանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, քվեարկության մեկնարկի առաջին րոպեներին իրենց ձայնի իրավունքից օգտվել են Հասան Ռուհանին, Ալի Աքբար Վելայաթին և Մոհամադ Ղարազին:
Բացի այդ, ընտրատեղամասերից մեկում քվեարկել է երկրի նախիկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին: «Հույս ունենք, որ այսօր մեր երկրի և ժողովրդի համար լավ ճակատագիր կորոշվի»,- հայտարարել է Ռաֆսանջանին, որը պաշտպանում է ռեֆորմատորների թեկնածու Հասան Ռուհանիին:- Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքը կլինի ժողովրդի համախմբվածությունը, քանի որ հենց ժողովրդի համախմբվածությունը արտաքին և ներքին սպառնալիքների առաջ հանդիսանում է հաջողության և բարօրության գրավականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իր ընտրությունն է կատարել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին, որը, սակայն, չէր բացահայտել՝ ում օգտին է քվեարկել:
Այսօր Իրանում տեղի ժամանակով 8:00-ին բացվել են շուրջ 60 հազար ընտրատեղամասեր: Քվեարկությունը կշարունակվի մինչև 18:00-ն: Քվեարկությանը կարող է մասնակցել շուրջ 50.5 մլն իրանցի: Ընտրություններում առաջադրվել է 6 թեկնածու՝ 4 պահպանողական և 2 կենտրոնի ներկայացուցիչ:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ: Երկրի սահմանադրության համաձայն՝ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով:









































