«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
– Պարոն Ուրիխանյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած՝ 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությանը: Բայց այդ նույն բյուջեի ընդունմանը 2011թ. ավարտին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել: Ավելին՝ ԲՀԿ-ն կես տարի կոալիցիայում իր նախարարներով նույն վարչապետի գլխավորությամբ մասնակից է եղել այդ ծրագրի լավ կամ վատ իրականացմանը: Այդ փուլերում ԲՀԿ-ն չընդդիմացավ բյուջեին: Նման պարագայում արդյոք տարօրինակ չէ՞, որ ձեր խմբակցությունը դեմ է կանգնում իր մասնակցությամբ ընդունված և շուրջ կես տարի իր մասնակցությամբ կատարված ծրագրի հաշվետվությանը:
– Խոսքը գնում է անցած գումարման ԱԺ-ին և ԲՀԿ-ի նախկին խմբակցությանը: Բազմիցս ասել եմ, որ այս վիճակը, այն կառավարման ձևը, կուրսը, վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մեզ չի գոհացրել: Այդ պատճառով էլ մենք ԱԺ ընտրություններից հետո կոալիցիային մաս չկազմեցինք, չմտանք կառավարման համակարգ, որպեսզի նախևառաջ չկրենք բացասական իմաստով չփոխվող քաղաքականության պատասխանատվությունը: Եվ երկրորդը՝ որ կարողանանք այլընտրանքային լուծումներ առաջարկել, բարձրացնել մեր դիտարկմամբ բացասական երևույթները, դրանք ծնող պատճառները ու հակադրվել մեր առանձին քաղաքական կուրսով, ինչը տեղի է ունենում արդեն երկար ժամանակ: Հենց այդ պատճառով են տեղի ունենում թե այդ, և թե առհասարակ մեր բոլոր քվեարկությունները, առաջարկները, հրապարակային քայլերը մասնավորապես ԱԺ-ում:
– Այդ նույն և դրանից առաջ իրականացվող բյուջետային ծրագրերի իրականացմանը մասնակցած՝ ԲՀԿ-ին պատկանող նախարարություններում մի շարք ոչ միայն բացասական երևույթներ, այլև չարաշահումներ են հայտնաբերվել: Օրինակ՝ քաղաքաշինության և դեղերի շրջանառության ոլորտում:
– ԲՀԿ-ի ներկայացուցիչները աշխատել են համապատասխան ոլորտներում համապատասխան պաշտոններում: Եթե տեղի են ունենում ինչ-որ խախտումներ, օրինազանցություններ, ապա դրանց համար կան համապատասխան օրենսգրքերը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են մոտավորապեսականություն չնախատեսող դրույթներ, որոնք հստակ ներկայացնում են համապատասխան պատիժներ ու հետևանքներ այն անձանց համար, ովքեր դրանք գործել են: Մշտապես ասել ենք, որ ովքեր օրինազանցություններ են կատարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Մնացածը իրավապահ մարմինների գործն է:
– Հիշեցնեմ քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած աղաղակող չարաշահումները:
– Կոմպետենտ չեմ կարծիք ներկայացնելու, որովհետև կան իրավապահ մարմիններ, որոնք դրա համար ժողովրդի գրպանից աշխատավարձ են ստանում: Դա իրավապահ մարմինների իրավասության հարց է: Ով որ ՀՀ-ում, այդ թվում և պետական պաշտոններում, եթե կատարում է օրինազանցություն, պիտի կրի համապատասխան պատասխանատվություն:
– Դուք` ոչ միայն որպես պատգամավոր, այլև որպես իրավաբան, ուսումնասիրե՞լ եք Ձեր կուսակցի հետ կապված քրեական գործը:
– Վարդան Վարդանյանի նկատմամբ ինչ-որ քրեական գործ կա՞:
– Օրինակ` Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները, որի հետ կապված քրեական գործ էր հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում:
– Բայց Վ. Վարդանյանի առնչությամբ որևէ քրեական գործ կա՞: Չկա:
– Այդ չարաշահումները տեղի էին ունեցել Վ. Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում, և այդ աշխատանքների վերահսկողությամբ զբաղվում էր Վ. Վարդանյանի ղեկավարած գերատեսչությունը:
– Այն ժամանակ բազմիցս ասվեց, որ պարոն Վարդանյանը իր բոլոր հնարավորություններով նպաստում է բոլոր տեսակի բացահայտումների իրականացմանը, և դա ոչ մի կերպ չի նշանակում, որ իր նկատմամբ կա ինչ-որ խնդիր:










































