Ճապոնիան մտադիր է հակամարտության հետևանքով տուժած Սիրիայի բնակիչներին, որպես մարդասիրական օգնություն, հատկացնել շուրջ 10 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Բացի այդ, Տոկիոն քննարկում է Հորդանանին շուրջ 100 միլիոն դոլար հատկացնելու հավանականությունը, առաջին հերթին՝ սիրիացի փախստականներին ապահովելու համար: Չի բացառվում, որ ֆինանսական միջոցները կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով վարկերի ձևով, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել:
Հումանիտար օգնություն տրամադրելու մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G8-ի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու հունիսի 17-18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում:
Ակնկալվում է, որ «մեծ ութնյակի» հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի խնդիրները, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման հարցեր:










































