Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվել է, թե գազի գնի փոփոխման մասին պայմանագիրը կոնկրետ ո՞ր օրն է ստորագրվել և հնարավո՞ր է ծանոթանալ այդ պայմանագրին:
Հարցին պատասխանելու համար ձայնը տրվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով հայտարարեց, որ չի կարող կոնկրետ օր նշել, քանի որ հստակ չի հիշում: Նախարարը նշել է, որ բացի կոմերցիոն հատվածից, պայմանագրի մյուս հատվածը կարող են տրամադրել պատգամավորներին:
Արամ Մանուկյանը նախարարից հարցրել է նաև, թե կարող է նա գոնե պայմանագրի ստորագրման մոտավոր ամիս ասել: «Չեմ հիշում»,- պատասխանել է նախարարը: «Գոնե տարին, ա՞յս տարի էր, թե՞ նախորդ»,- շարունակել է Արամ Մանուկյանը: «Չեմ հիշում, կճշտեմ, կասեմ, հիմա ասեմ՝ կասեք մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ»,- պատասխանել է նախարարը:
Արամ Մանուկյանը նշել է, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, և պայմանագրի ստորագրման ամսաթիվը հարկավոր էր երկու օրվա հետ համեմատելու համար. «Առաջինը՝ մարտի 18-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի բարձրացման մասին լուրերը հերյուրանք են, և երկրորգը՝ փետրվարի 19-ը, նախագահի ընտրությունների օրը»:










































