Գերմանիայի կառավարությունը անհանգստություն է հայտնել լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ Ստամբուլի դատարանի կայացրած դատավճիռների կապակցությամբ՝ հայտնում է TASS-ը:
«Երկու լրագրողների դեմ դատավարությունը լակմուսի թուղթ է արդարադատության մարմինների անկախության, մամուլի ազատության և կարծիքի ազատ արտահայտման համար: Այդ կապակցությամբ մենք մտահոգությամբ ընդունեցինք դատավճռի մասին լուրը»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Մենք շատ ուշադիր կհետևենք հետագա զարգացումներին: Ցավալի է այն փաստը, որ դատավարությանը հետևելը դատական առաջին նիստից հետո անհնար է դարձել»,- ընդգծել են Գերմանիայի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը լրագրողներին դատապարտել են բանտարկության՝ պետական գաղտնիքը բացահայտելու համար: Դյունդարը ազատազրկվել է 5 տարի 10 ամսով, իսկ Գյուլը՝ 5 տարով:






































