Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ որևէ կերպ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ հանուն վիզաների չեղյալ հայտարարման մասին ԵՄ-ի հետ համաձայնագրի չափանիշների համապատասխանեցման:
«ԵՄ-ը մեզ խնդրել է փոխել մեր հակաահաբեկչական օրենսդրությունը: Ներեցեք, սակայն մենք գնում ենք մեր ճանապարհով, իսկ դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնից Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հեռացումը խնդիրներ չի ստեղծի պետական ղեկավարման համար: Նա ընդգծել է, որ քաղաքական վերջին իրադարձություններն ուղղակիորեն չեն ազդի երկրի տնտեսության վրա:
Էրդողանը հավաստիացրել է, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը «անհրաժեշտություն է» և ոչ թե բխում է իր անձնական շահերից:










































