Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուի հայտարարությունը Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից իպրիտ թունավոր նյութի կիրառման մասին ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկրներում թափ է հավաքում քիմիական ահաբեկչությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադրություն ենք դարձրել ՔԶԱԿ գլխավոր տնօրեն պրն (Ահմեթ) Ուզյումջյուի տված հարցազրույցին Agence France-Presse գործակալությանը,- ասել է նա:- Այդ հարցազրույցում նա ասել է, որ կազմակերպության փորձագետները Իրաքում և Սիրիայում հայտնաբերել են իպրիտ ռազմական թունավոր նյութի կիրառման դեպքեր, որոնց հետևում, ամենայն հավանականությամբ, ԴԱԻՇ-ի գրոհայիններն են»:
«Միաժամանակ, գլխավոր տնօրենը նաև լուրջ մտավախություններ է հայտնել «դաիշցիների» մոտ քիմիական զենքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, գիտելիքների և հենց բաղադրիչների հնարավոր առկայության մասին, ինչը լիովին համապատասխանում է նաև ռուսական գնահատականներին առ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, որտեղ թափ է հավաքում քիմիական ահաբեկչությունը»,- նշել է Զախարովան:









































