ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ Արցախի ճանաչման օրինագծին:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ մինչև ո՞ւր կարող է ինքնուրույն գնալ Հայաստանը, թե՞ կկանգնի կեսճանապարհին, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նկատեց, որ ինքը շարունակում է մնալ այն տեսակետին, որ ավելի ճիշտ և միջազգայնորեն ավելի ընդունելի է Արցախի միացումը Հայաստանին. «Այս ամենում մի տեսակ գավառական խորամանկություն կա և առաջացնելու է բազում խնդիրներ»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը սա ավելի շատ օգտագործում է որպես լծակ, ճնշման միջոց Ադրբեջանի դեմ. «Այ, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսես, մենք կճանաչենք Արցախի ճանաչումը, թեև պարզ չէ նաև, թե իրավական չափանիշներով որն է լայնամասշտաբ պատերազմը: Ես կարծում եմ՝ սա գործընթաց է, ասում են՝ ճանաչման գործընթաց կսկսվի»:
Արա Պապյանը կարծում է, որ նախ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները հստակեցնի, որպեսզի ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանին զենքի մատակարարումները, նաև փնտրի անվտանգության այլընտրանքային ուղիներ:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, եթե հայտարարվում է, որ մենք դաշնակիցներ չունենք, նշանակում է ընդունել ընդհանուր քաղաքականության ձախողումը. «Անվտանգության առաջին օղակը քաղաքականությունն է, դիվանագիտությունը, իսկ բանակը, զինված ուժերը պետք է լինեն պաշտպանության ու անվտանգության վերջին հույսը»:
Հարցին՝ ունի՞ պատերազմը այլընտրանք, Արա Պապյանը պատասխանեց. «Քանի դեռ Ադրբեջանը պահպանում է նման դիրքորոշումը, ցավոք սրտի՝ չունի: Եթե փոխզիջումն այն է, որ մենք պետք է զիջենք ռեալ տարածք, որը մեր անվտանգության երաշխիքն է, և ստանանք հավաստիացում և ստորագրություն մի այնպիսի երկրի կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, իհարկե՝ պատերազմը այլընտրանք չունի: Մենք պետք է զենքը ձեռքներիս մեզ պաշտպանենք: Միակ ճանապարհը Ադրբեջանին պատժելն է՝ մարդկային և տարածքային կորուստներով»:









































