Իր մորաքրոջ սպանության մեջ մեղադրվող Արամ Դիլանյանի գործով դատավարությունն հետաձգվել է` ամբաստանյալի պաշտպան Հունան Բաբայանի բացակայության պատճառով: Փաստաբանը շտապել էր այլ նիստի մասնակցել:
Արամ Դիլանյանն իր մորաքրոջ՝ Ս. Գրիգորյանի հետ համատեղ բնակվել է վերջինիս պատկանող` Երևանի Տ. Մեծ պողոտայում գտնվող բնակարանում: Ըստ մեղադրանքի՝ 03.06.2011թ. գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, Արամ Դիլանյանը բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս.Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:
Արամ Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբաստանյալի պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ մեկ այլ գործով դատական նիստի է մասնակցում Գյումրիում: Ամբաստանյալը դատարանին խնդրել է նիստը հետաձգել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին: Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:







































