Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտում է հարձակումները Հալեպի բնակիչների վրա և նման հարձակումները համարում է ռազմական հանցագործություններ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է տարածաշրջանային միության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին Եգիպտոսի մայրաքաղաքում գումարված՝ սիրիական քաղաքում իրավիճակին նվիրված արտահերթ նիստում:
«Լիգան վճռականորեն դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների սրումը»,- ասել է նա՝ հավելելով, որ մարտերի հետևանքով «հարյուրավոր մարդիկ են զոհվել ու տուժել»:
Ալ-Արաբիի պնդմամբ՝ Հալեպում խաղաղ բնակիչների վրա հարձակումների հետևում կանգնած են ոչ միայն ահաբեկչական խմբավորումները, այլև «սիրիական ռեժիմը»:
«Սիրիացիների դեմ իրագործվողը ռազմական հանցագործություններ են, հանցագործություններ մարդկության դեմ, որոնք վաղեմության ժամկետ չունեն: Դրանցում մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- կարծում է նա:
Ալ-Արաբին նաև նշել է Սիրիայի շրջափակված շրջաններին հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը՝ նորից ընդգծելով, որ քաղաքական կարգավորումը հակամարտության լավագույն լուծումն է: «Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ ենք անում ամրապնդել զինադադարը Սիրիայում, իսկ բոլոր կողմերին՝ այն պահպանել»,- հավելել է նա:












































