«Միսս Ամերիկա-2014» գեղեցկության մրցույթին Այովա նահանգը կներկայացնի 23-ամյա Նիկոլ Քելին, որը ծնվել է առանց ձախ նախաբազկի: Ավելի վաղ աղջիկը ճանաչվել էր որպես նահանգի ամենագեղեցիկը: Մրցույթը կկայանա այս տարվա սեպտեմբերին՝ Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ-սիթիում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նիկոլը խոստովանել է, որ կյանքում ջանում է փորձել ամեն ինչ՝ զբաղվում է բեյսբոլով, պարով և դայվինգով: Աղջիկը նշել է, որ մտադիր է իր ներկայիս տիտղոսով հանրության ուշադրությունը կենտրոնացնել հաշմանդամների խնդիրների վրա:
Նիկոլը թատերական արվեստ է ուսումնասիրում Նեբրասկայի համալսարանում և հույս ունի մի օր աշխատել Բրոդվեյում:
2012-ին պատմության մեջ առաջին անգամ «Միսս Ամերիկա» կոչման համար պայքարել է աուտիզմով տառապող 18-ամյա Ալեքսիս Վայնմանը՝ Մոնտանայից: 1994 թվականին մրցույթի հաղթող է դարձել խուլ Հիզեր Ուայթսթոունը, որը ներկայացրել է Ալաբամա նահանգը:










































