Սիրիա մատակարարվող S-300 զենիթա-հրթիռային համալիրները վերջին հաշվով խոցելի կդարձնեն Իսրայելի գլխավերևով թռչող ցանկացած ինքնաթիռ՝ հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը Kommersant-ին տված հարցազրույցում:
«Դամասկոսում S-300 մարտկոցները խոցելի կդարձնեն Իսրայելի տարածքում ցանկացած օդանավ: Հաշվի առնելով անկայունությունը՝ այդ զենքը կարող է հայտնվել ամենատարբեր ձեռքերում»,- ասել է Էլկինը՝ նշելով, որ Ռուսաստանի համար S-300-ը պաշտպանական զենք է, սակայն Մերձավոր Արևելքում ամեն ինչ այլ է:
ԱՄՆ-ն ու Իսրայելը պարբերաբար անհանգստություն են հայտնում սիրիական իշխանություններին S-300-ների մատակարարումների առնչությամբ: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հրապարակավ հայտարարել էր, որ իր երկիրը կիմանա ինչպես վարվել այն դեպքում, երբ այդ համալիրները հայտնվեն Սիրիայում:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Սիրիա է մատակարարում բացառապես պաշտպանական սպառազինություն՝ համաձայն պայմանագրերի, որոնք կնքվել էին մինչ հակամարտության սկսվելը: Այնուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 4-ին հայտարարել էր, որ ՀՕՊ համակարգերին առնչվող համաձայնագրերը դեռևս չեն իրականացվել:
Նշենք, որ համալիրը կարող է միաժամանակ 6 թիրախ խոցել՝ 200 կմ առավելագույն հեռահարության հնարավորությամբ:









































