ԱՄՆ Սիեթլ քաղաքի ոստիկանությունը 9 մարդու է ձերբակալել մայիսմեկյան ցույցերից հետո հակակապիտալիստական երթի ընթացքում, ցույցերի ընթացքում 5 ոստիկան վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քաղաքում հակակապիտալիստական շարժման կողմնակիցների բողոքի ակցիաներ են անցկացվել Մայիսի 1-ին նվիրված խաղաղ երթերից հետո: Մի քանի տասնյակ մարդ սև հագուստներով երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնում առանց տեղի իշխանությունների թույլտվության:
Ակցիայի մասնակիցները ոստիկանների կողմը քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Մի քանի շենք է վնասվել, բնակելի տներից մեկի պատուհաններն են կոտրվել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը պղպեղի գազ է կիրառել:
Իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվածներին ունեցվածքի ոչնչացման, խոչընդոտներ ստեղծելու և ֆիզիկական բռնության մեղադրանքներ են առաջադրվել:











































