Մայիսի մեկին աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատանքի միջազգային օրը, որը սկզբում կոչվում էր Աշխատավորների համերաշխության միջազգային օր:
1886թ. մայիսի մեկին ամերիկացի աշխատավորները գործադուլ արեցին ՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Բողոքի ցույցով ուղեկցվող գործադուլը ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումով: 1889թ. հուլիսին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների հուզումների, մայիսի 1-ին ամենամյա ցույցեր կազմակերպելու որոշում ընդունեց:
Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890թ. աշխարհի մի շարք երկրներում:
Այսօր այդ տոնը նշվում է աշխարհի 142 երկրներում՝ մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը:










































