Այսօր մեկնարկեց հայաստանյան մի խումբ փաստաբանների երկօրյա նախազգուշական գործադուլը, որով նրանք բողոքում են երկակի ստանդարտների կիրառման և բարձրաձայնվող խախտումներն անպատասխան թողնելու Վճռաբեկ դատարանի կեցվածքի դեմ: Նրանք այսօր և վաղը չեն մասնակցելու քրեական, քաղաքացիական կամ վարչական գործերով դատավարություններին, ինչպես նաև նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողությունների: Փաստաբաններն այլևս չեն հանդուրժում դատարանի գործողությունները՝ կամայականություններն ու անկանխատեսելի մոտեցումները: Ակցիային պաշտոնապես դեռևս միացել է 200-ից ավելի փաստաբան, սակայն փաստաբանները շարունակում են էլեկտրոնային տարբերակով, sms հաղորդագրությունների և «Կոնգրես հյուրանոցում» կազմակերպված կլոր-սեղանի միջոցով միանալ երկօրյա գործադուլին:
Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում գործադուլ հայտարարած փաստաբանները քննարկեցին իրենց խնդիրները՝ փորձելով այս կերպ ուշադրություն հրավիրել դրանց վրա: Նրանք այս երկու օրերի ընթացքում շարունակելու են ամեն կերպ ուշադրություն հրավիրել առկա խնդիրների վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անի Թորոսյանը:
Վերջինս նշեց, որ իրենց նախաձեռնությանը միացած փաստաբանների թիվը շարունակում է աճել, թեև ամեն դեպքում գործադուլավորների նպատակը իրենց նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ փաստաբան համախմբելը չէ: Անի Թորոսյանի գնահատմամբ՝ եթե այս ոլորտում մեծ ներդրում ունեցող երեք փաստաբան էլ որոշի միանալ կամ կազմակերպել նման գործադուլ, նշանակում է՝ իրավիճակը մտահոգիչ է, իսկ գործադուլավորների շարքում լուրջ ներդրում ունեցող փաստաբաններ շատ կան: Ըստ նրա՝ իրենց ոչ գործադուլավոր ընկերները իրենց գնահատականներով ևս միացել են Վճռաբեկի որոշման դեմ, սակայն պայքարի եղանակներն են տարբեր, իսկ ոմանց համար ժամանակահատվածը հարմար չէ:
«Վճռաբեկի որոշումներն ընդհանուր փաստաբանական համայնքի խնդիրն է: Որևէ փաստաբան չկա, ով կասի, թե գոհ է Վճռաբեկ դատարանից: Մենք այս օրերի ընթացքում նախատեսում ենք մամուլի միջոցով հնարավորինս շատ ակտիվ քննարկումներ կազմակերպել այս խնդրի շուրջ: Ամեն ինչ կանենք, որ Վճռաբեկը փոխի իր գործելակերպը»,- եզրափակեց իր խոսքը Անի Թորոսյանը:







































