Որքան էլ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ 12-ամյա կրթական համակարգում կրկնուսույցին դիմելու թիվը կրճատվել կամ նույնիսկ վերացել է, այնուամենայնիվ՝ ավարտական դասարանի աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Հաճախ նաև այդ կրկնուսույցները աշակերտների ուսուցիչներն են դպրոցում:
Մեզանում այս ավանդույթը ձևավորվել է խորհրդային տարիներին, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է ինչպես ավելի խորը գիտելիքներ ունենալու, այնպես էլ ընկերներից հետ չմնալու միջոց:
«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ի՞նչ արժե կրկնուսույցի մոտ պարապելը, և հատկապես ո՞ր առարկաների համար է անհրաժեշտ դիմել կրկնուսույցի:
Այսպես. մարզերում և Երևանում պարապմունքի գները տարբեր են՝ եթե մարզերում ամսական 10-ից 15 հազար դրամի սահմաններում հնարավոր է պարապել անգլերեն, հայոց լեզու, ռուսերեն և այլ առարկաներ, ապա մայրաքաղաքում այդ թիվը հասնում է մինչև 25 հազարի: Մայրաքաղաքում կա մեկ այլ առանձնահատկություն՝ Երևանում առավելապես նախընտրում են պարապել բուհերի դասախոսների մոտ:
Աշակերտները միջինը մեկ ուսումնական տարի անպայման պարապում են կրկնուսույցների մոտ, օտար լեզուներ ավելի երկար են պարապում՝ շուրջ երկու տարի: Այժմ բուհ ընդունվելու համար անհրաժեշտ է պարապել միջինը երկու կամ երեք առարկա: Ստացվում է այնպես, որ դպրոցում ստացված գիտելիքը մեղմ ասած բավարար չէ աշակերտին, քանի որ ծնողը ստիպված է իր երեխային ուղարկել արտաժամյա պարապմունքի՝ կրկնուսույցին տարեկան վճարելով ավելի քան 300 հազար դրամ:









































