Թուրքիայում դեռևս շարունակվում է «Գեզի դիմադրություն» անվանումը ստացած քաղաքացիական ըմբոստության ալիքը: «Առաջին լրատվական»-ն այս մասին զրուցեց թուրքական «Թարաֆ» օրաթերթի թղթակից, ազատ լրագրող Օզգյուն Օշչերի հետ:
– Պարոն Օզգյուն, Թուրքիայում մեկնարկած քաղաքացիական ըմբոստությունը որտեղի՞ց սկիզբ առավ: Այն, ինչին մենք ականատես ենք լինում այս օրերին, բնորո՞շ է թուրք քաղաքացիական հասարակությանը:
– Իրականում, բողոքի առաջին ակցիաները, որոնք մեկնարկել էին Թաքսիմ հրապարակում, միտված էին կանգնեցնել Գեզի պուրակի ծառերի հատումը և պուրակի վերափոխումը հրետանային զորամիավորումների (Օսմանյան կայսրության զինվորական կառույցներ, որոնցում շատուշատ խանութներ էին): Այս առաջին բողոքի ակցիաների կազմակերպիչները մտահոգ տեղացիներ էին, որոնց անհանգստության առարկան պուրակն ու բնապահպանությունն էր:
Այստեղ երկու որոշիչ գործոն կարելի է առանձնացնել, երբ խոսում ենք այն մասին, թե այս տեղային փոքրիկ բողոքն ինչու դարձավ զանգվածային ըմբոստություն. մենք խոսում ենք այն մասին, որ «13-ի սերունդն» է ծնվել:
Առաջինն՝ անհեթեթ, խիստ անհամաչափ ու ավելորդ ուժի գործադրումը ոստիկանության կողմից՝ արցունքաբեր գազ: Նրանք արցունքաբեր գազի արշավ էին կազմակերպել առանց նախապես զգուշացնելու պուրակը մաքրելու մասին և այն ժամանակ, երբ մարդիկ քնած էին, զրուցում էին: Ես ինքս կարդում էի և, հավատացեք, երբ դու ինքդ ոստիկանության կողմից հարձակման ես ենթարկվում առանց որևէ պատճառի, երբ ոչինչ չես անում, գժվում ես: Շարունակական հարձակումները շատ ավելի պասիվ դիմադրությանը պարզապես սրեցին իրավիճակը:
Երկրորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Հրետանային զորամիավորումներն իր սիրելի զբաղմունքն են: Ցույցից հետո նա ասաց, որ ամեն դեպքում դա կառուցվելու է, բայց հետո դատարանը դադարեցրեց շինարարությունը, և նա գժվեց դատարանի քայլից: Նա ցուցարարներին անվանեց «կողոպտիչներ»: Լայնամասշտաբ իրադարձության վերածվեց այս ամենը նաև ալկոհոլի օրինագծից հետո երկրում առաջացած բացասական տրամադրությունների պատճառով:
– Վստահ եմ, որ նախկինում ևս տեղային բողոքներ եղել են իշխանությունների դեմ և միգուցե՝ հենց նմանատիպ պահանջներով: Չէ՞ որ ասում են, թե իշխող կուսակցությունը Ստամբուլում կանաչ տարածք չի թողել: Ի՞նչն է փոխվել հասարակության շրջանում, որ փողոցային պայքարը նախընտրելի տարբերակ է դարձել Թուրքիայում:
– Ավելի վաղ այն ամենն, ինչ առնչվում էր դիմադրության, բողոքի ակցիաների հետ, բացասական էր ընկալվում հասարակության կողմից: Հիմա նրանք գիտեն, որ բողոքելը զվարճալի է, իսկ իրավունքի պաշտպանությունն՝ անհրաժեշտություն: Նրանք բոլորը «ճաշակեցին» արցունքաբեր գազ, վախենալու համար ավելին էլ ի՞նչ էր պետք: Առողջ բեկում տեղի ունեցավ:
– Ձեր նշած առողջ բեկման համար ի՞նչն է հիմք հանդիսացել:
– Հասարակության շրջանում փոփոխություններ են տեղի ունեցել: 16 տարեկան ուսանողը դժվար թե իմանար այն տարիները, որոնցից հետո Էրդողանն իշխանության եկավ: Իսկ այդ 16 տարեկան ուսանողն ընտրող է հաջորդ ընտրություններում: Ուստի, եթե որոշակի լիբերալ հանրության համար իշխող ուժն ինչ-որ բարեփոխումներ իրականացրել է, կայունություն է բերել կյանք, ապա երիտասարդության համար չափանիշներն էականորեն բարձր են: Նրանց հիմարեցնելն այսօր այլևս հեշտ չէ:
Քանի որ դիմադրության մեկնարկային կետն ապաքաղաքական էր, բոլոր գույներն առկա էին, նաև՝ բոլոր քաղաքական ուժերը: Ուստի հանրությունն ավելի քիչ սուբյեկտիվ էր միմյանց նկատմամբ: Քեմալականները, ձախերը, որոշ պահպանողականներ, ապաքաղաքականներ բոլորն այնտեղ էին: Վերցրեք LGBT-ի իրավունքները կամ Հայոց ցեղասպանությունը: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այսօրվանից, երբ մարդիկ գնան պաշտպանելու այս խնդիրները փողոցում, նրանք, ովքեր չեն համաձայնում այս գործելակերպին, միևնույն է դրանք լեգիտիմ են համարելու:
– Այս ապաքաղաքական պայքարի առաջին օրերի դինամիկան ցույց տվեց, որ այն հաջողությամբ կհանգուցալուծվի, այսինքն՝ «Թաքսիմ» նախաձեռնության պահանջներն ի վերջո կիրագործվեն երկրի իշխանության կողմից: Հնարավո՞ր է, որ այս նախաձեռնությունը կարողանա երկրում քաղաքական օրակարգ ձևավորել միշտ:
– Դա կլինի քարտ դնել ձիու առջև, բայց կարող եմ ասել, որ դեռ նոր շարժումներ են ձևավորվելու: Ավանդական քաղաքական կուսակցություններն ի զորու չեն ներկայացնել հանրության բոլոր գույները, և դա լավ է: Կարծում եմ, որ որքան փողոցն ավելի ստեղծագործ լինի, այնքան քաղաքականությունը նորարարական կլինի:
– Պարոն Օզգյուն, սովորաբար նման մասշտաբային բողոքի ալիքները մեկ օրում չեն հանգչում, եթե նույնիսկ պայքարի առջև դրված խնդիրն իրագործվում է: Այս քաղաքացիական անհնազանդության և այն էներգիան, որն այսօր կա Թուրքիայում, որտե՞ղ և ինչպե՞ս է արդյունավորվելու: Հնարավո՞ր է սա հեղափոխության հանգեցնի:
– «13-ի սերունդը», որի մասին խոսեցի, բացարձակ իրողություն կլինի, եթե կարողանա մերժել իր սուբյեկտիվիզմը, որովհետև դա այնքան աղքատիկ է, որ յուրաքանչյուր փորձ այս ամենը որևէ այլ կողմ տեղափոխելու՝ կստեղծի օտարում: Ուստի ավելի հանդուրժող, ավելի ակտիվ, ավելի պահանջատեր հասարակություն կարող է ծնվել: Հավատացեք, որ նույնիսկ դա կլինի հեղափոխություն Թուրքիայի համար:










































