Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ անցկացրել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք և տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժության։
Նպատակներն են`
• կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման և հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ.
• ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի դեպանատան միջև:
Ըստ մտահղացման` Կոտայքի մարզի Գառնի գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 7.1 մագնիտուտով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով առավել մեծ «ավերածություններ» են գրանցվել ՀՀ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Մայրաքաղաքում ամբողջությամբ փլուզվել է մոտ 15 հազար շենք-շինություն, բռնկվել է 28 խոշոր հրդեհ, կոմունալ-էներգետիկ ցանցում առկա են բազմաթիվ խոշոր վթարներ, փլվածքների հետևանքով փակվել են փողոցներ և ճանապարհներ: Մասնավորապես՝ Երևանում շենք-շինությունների փլուզման հետևանքով ամբողջությամբ փակ են Սեբաստիա և Կիևյան փողոցները, Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները, Կիևյան կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում տրանսպորտային միջոցներով երթևեկության համար:
Երկրաշարժի հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցում, որտեղ ուսանում են ֆրանսահպատակ քաղաքացիների երեխաները։ Կան պայմանական տուժածներ։
Սցենարի համաձայն` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ազդարարումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը որոշում է օդային ճանապարհով տարհանել ֆրանսահպատակ քաղաքացիներին։ Վերջիններս հավաքվում են նախապես որոշված վայրերում («Թումո» կենտրոնի, Մերգելյան ինստիտուտի և Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցի մոտ), որտեղից էլ սահմանված երթուղով տեղափոխվում «Էրեբունի» օդանավակայան։









































