«Գյումրեցու համար, ինչպես և նախկինում Գյումրիում տեղի ունեցած բոլոր ողբերգությունները (նկատի ունեմ սպանությունները), սա ևս ողբերգություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը՝ անդրադառնալով հունիսի մեկի լույս երկուսի գիշերը Գորիսում հնչած կրակոցներին, որի հետևանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել նրա եղբայրն ու Լիսկայի թիկնապահը։
«Հայաստանն առհասարակ քրեականացված է՝ կապ չունի թե որտեղ՝ սկսած Քոչարյանի ժամանակաշրջանից այս մթնոլորտը տիրում է: Ճիշտ է, այն գործում էր նաև նախկինում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց Քոչարյանի օրոք այն պետական կարգավիճակ ստացավ կարծես, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ՝ ձուլվեց համակարգի հետ: Ով իր մեջ քրեական տարրեր չէր պարունակում, ստիպված այդպիսին դարձավ, որ ներդաշնակ լինի ամբողջ համակարգին»,- նշեց Թումասյանը՝ հավելելով, որ այս ամենի պատճառով ավելանում է մարդկանց հիասթափությունը՝ հետևաբար նաև արտագաղթը:
Վ․ Թումասյանի գնահատմամբ՝ այս ամենի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է համակարգի ղեկավարների վրա՝ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. «Իրենք են խրախուսողը. այն, որ հրացանը պատից կախված է, մի օր կրակելու է, հիմա որ քրեական մթնոլորտ է, ինչքան էլ հերքեն որ չկա նման բան, մեկ է՝ մի օր կրակելու է: Երկրի ապաքրեականացումը կբերի նաև հասարակական ակտիվության, հասկանում եմ՝ կոռուպիցայի դեմ պայքար և այլն՝ դրանք, անշուշտ, կարևոր բաներ են, բայց ամեն ինչ պետք է սկսվի ապաքրեականացումից»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք գյումրեցիները Սյունիքում կատարված իրադարձությանը նույն կերպ են արձագանքում, ինչպես երևանցիները, չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ այնտեղ տեղի ունեցավ նմանատիպ միջադեպ, Վ․ Թումասյանը պատասխանեց․«Գյումրին մի փոքր ավանդապաշտ երկիր է, Գյումրին ապրել է արտագաղթ, երկրաշարժ, ջարդ ու փշուր է այստեղ եղել, բայց քաղաքն իր ոգին պահպանել է։ Գյումրին, այո՛, սովոր է, բայց շատ ցավալի է տանում այս ամենը:
Եթե Գյումրիում նախկին քաղաքապետի եղբոր տղան էր և պատգամավորի բարեկամի հետ էր, ապա այստեղ էլ մարզպետ է՝ իր որդու հետ միասին։ Ի պաշտոնե չես համեմատի գեներալ մարզպետի հետ նախկին քաղաքապետին, այսինքն ավելի բարձր պաշտոն ունեցող մարդկանց հետ էր կռիվն այս անգամ: Նախագահը մինչև հիմա չի արձագանքել, ոստիկանապետը չի մեկնել վայր, դեպքն ավելի արտառոց էր, քան Գյումրիում՝ ըստ իս, իսկ մենք նմանատիպ դեպքերի հետ համակերպվել չենք ուզում, մենք ուզում ենք ապաքրեականացում»։











































