Հունգարիայում շուրջ 10 հազար մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և կամավորներ, մասնակցում են Դանուբի ափին պատնեշների կառուցման աշխատանքներին՝ սպասելով երկրի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ուրբաթ առավոտյան Դանուբ գետի մակարդակը Բուդապեշտով անցնող տարածքում հասել է 7.81 մետրի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ գետում ջրի մակարդակը կհասնի 8.85-9 մետրի, որը 25 սմ-ով բարձր է 2006 թ. մակարդակից:
Ներկայում պատնեշներ են կառուցվում շուրջ 700 կմ երկայնքով: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ տարհանման կարող են ենթարկվել Բուդապեշտի, մասնավորապես Օբուդա շրջանի ավելի քան 5500 բնակիչներ: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ջրհեղեղը չի սպառնում քաղաքի հյուրանոցներին:
Ջրհեղեղները, որոնց պատճառը հորդառատ անձրևներն են, սկսվել են նախորդ շաբաթ՝ Չեխիայում: Ամբողջ Եվրոպայում դրանց հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Չեխիայի գրեթե ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Գերմանիայում ամենաշատը տուժել են Բավարիայի, Սաքսոնիայի, Բադեն-Վյուրթեմբերգի, Տյուրինգիայի շրջանները: Ավստրիայի արևմուտքում խափանվել է երկաթուղային և ավտոմեքենաների հաղորդակցությունը, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:








































