Եվրամիությունը և ԱՄՆ-ը մեծ սխալ են թույլ տվել, երբ 2009 թ. հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ մերձեցման ժամանակաշրջանում այս գործընթացը դուրս են հանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնտեքստից: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան «ԵՄ-Ադրբեջան. Անվտանգություն և ինտեգրում» ֆորումի շրջանակներում:
«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված են, և այդ գործընթացները չի կարելի միմյանցից առանձին դիտարկել»,- ասել է նա:
Բրայզայի խոսքերով՝ Երևանում պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցմանը:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ առաջընթացի առկայությունը ուղղություններից մեկում առաջընթաց կբերի նաև մյուսում: Ամեն ինչ փոխկապակցված է»,- ասել է նա և հավելել, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երկու երկրների նախագահների քաղաքական կամքը:











































