Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և կնոջ՝ Լյուդմիլայի ամուսնալուծությունը, որի մասին հայտարարվեց հունիսի 6-ի երեկոյան, մի շարք արձագանքներ է ստացել արևմտյան ԶԼՄ-ներում: Պարբերականները տարբեր կերպ են մեկնաբանում նախագահի և նրա կնոջ՝ հարաբերություններն ընդհատելու մտադրությունը, սակայն ուշադրություն են դարձնում Պուտինի անձնական կյանքի շուրջ ստեղծված գաղտնիության վրա և այն բանի, որ նրա կինը շատ հազվադեպ է երևացել հանրությունում՝ սկսած 2008թ.-ից:
The New York Times ամերիկյան թերթը ամուսնալուծության մասին զույգի հայտարարության հանգամանքներն անվանել է «լավ նախապատրաստված, բայց, այնուամենայնիվ, շատ տարօրինակ»:
The Washington Post թերթը կասկած է հայտնել, որ Պուտինի կինը չի սիրում թռչել ինքնաթիռներով (ինչը դարձել է ամուսնալուծության պատճառներից մեկը), քանի որ նախկինում նա աշխատել է որպես բորտուղեկցորդուհի «Աէրոֆլոտ»-ի ներքին չվերթներում:
«Հավանաբար, դա արժանի քաղաքավարի ժեստ է, որը բոլորին թույլ կտա արժանի կերպով դուրս գալ իրավիճակից»,- գրում է թերթը:
Ավելի քննադատական մեկնաբանություններ է պարունակում The Los Angeles Times-ը, որտեղ հոդվածագիրները ավելի քիչ ուշադրություն են դարձրել հարաբերությունների ավարտի մասին հայտարարությանը և կենտրոնացել են նման քայլի պատճառների վերլուծության վրա: Լրագրողների կարծիքով՝ ամուսնալուծության պատասխանատուն Ռուսաստանի նախագահն է, որը միշտ կոպիտ է եղել կնոջ հետ: Որպես ապացույց՝ նրանք բերում են հատված «Վլադիմիր Պուտին. Ճանապարհ դեպի իշխանություն» գրքից, որտեղ Պուտինան բազմաթիվ հավակնություններ է արտահայտում ամուսնու հանդեպ:
The Guardian բրիտանական թերթը որպես ամուսնալուծության հիմնական պատճառ նշում է նախագահի հարաբերություններն այլ կանանց հետ, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի: Թերթը քննադատել է Կրեմլին այն բանի համար, որ Պուտինի կյանքը լի է գաղտնիքներով:
«Լյուդմիլա և Վլադիմիր Պուտինների ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է մոսկովյան տեղեկատվական տարածության համար միայն այն պատճառով, որ դա ճիշտ է»,- գրում է հոդվածագիրը:
The Daily Mail-ն ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանում ամուսնալուծությունը սովորակայն երևույթ է ընտանեկան շատ զույգերի համար: Հոդվածագրին հետաքրքրում է՝ արդյոք Պուտինը կնոջից բաժանվելուց առաջ խորհուրդ ստանալու նպատակով դիմե՞լ է իր խոստովանահորը:
The Daily Telegraph-ը ենթադրում է, որ ամուսնալուծությունը ուշադրություն կհրավիրի Պուտինի կյանքի վրա, որի մասին քիչ բան է հայտնի: Թերթի տեղեկություններով՝ Պուտինան իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Էստոնիայի հետ սահմանի մոտ գտնվող 1 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ կալվածքում:
Բացի այդ, պարբերականը անդրադարձել է այն շշուկներին, որ նախագահի կինը որոշել է դառնալ միանձնուհի: Թերթը Պուտինի սրտի նոր տիրուհի է համարում Կաբաևային: Դրա հետ մեկտեղ հոդվածում նշվում է, որ մարզուհին և Պուտինը հերքում են իրենց սիրավեպի մասին շշուկները, և որ Կաբաևան որդի է պարգևել նախագահին:
Le Monde և Le Figaro ֆրանսիական պարբերականները զուսպ են արձագանքել Պուտինների ամուսնալուծության մասին հայտարարությանը: Le Figaro-ն ներկայացրել է «Ռոսիա-24»-ի հեռարձակումը և հիշատակել 2008թ. պատմությունը, երբ փակվեց «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը Պուտինի և Կաբաևայի սիրավեպի մասին հաղորդագրության պատճառով:






































